Դիլիջանում վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է. կա նաև 6 վիրավոր


17:30 , 8 հուլիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր, հուլիսի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ «Դիլիջանի կալվեցվոյի» հարևանությամբ բախվել են Mercedes Viano մակնիշի 50 RR 553 համարանիշի և Opel մակնիշի 34 QC 576 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Բադիրյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և բժշկական օգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: