Ինչո՞վ է օգտակար հեծանիվ քշելը


15:23 , 8 հուլիս, 2019

Այսօր Հեծանվի համաշխարհային օրն է։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ, համաձայն ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի 2018 թ. ապրիլի 12-ին ընդունած բանաձևի, հունիսի 3-ը հռչակվել է Հեծանվի համաշխարհային օր։

«Հեշտ վարվող, գնով հասանելի, հուսալի, էկոլոգիապես մաքուր: Այն օգնում է ամրապնդել ֆիզիկական ու հոգեկան առողջությունը: Այն տեղաշարժվելու միջոց է, որը մարդկությունն օգտագործում է արդեն 200 տարի»,- այսպես է բնութագրված հեծանիվը ՄԱԿ-ի հռչակագրում:

ՄԱԿ-ում տարօրինակ են համարել, որ այսքան ժամանակ նման միջոցին պատշաճ ուշադրություն չեն դարձրել:

Տոնի նպատակը հեծանիվ վարելու մշակույթի տարածմանը նպաստելն է:

Ըստ ԱՀԿ-ի՝ կանոնավոր և չափավոր ֆիզիկական ակտիվությունը (շաբաթական 150 րոպե) կրճատում է գերճնշման, սրտի իշեմիկ հիվանդության, ուղեղային կաթվածի, շաքարային դիաբետի, կրծքագեղձի և հաստ աղու քաղցկեղի, ինչպես նաև ընկճախտի վտանգը, բարելավում է հենաշարժիչ համակարգի վիճակը (օստեոպորոզ), ապահովում է քաշի վերահսկողությունը (ճարպակալում):

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 7.5 կմ, շաբաթական 5 օր հեծանիվ վարելը (15կմ/ժ արագությամբ) լիովին բավարարում է ԱՀԿ-ի վերոնշյալ հանձնարարականին: