Disney-ը չի թույլատրել Spiderman-ին պատկերել երեխայի գերեզմանի հուշաքարին


06:40 , 8 հուլիս, 2019

The Walt Disney Co. ընկերությունը թույլ չի տվել մահացած 4-ամյա տղայի հորը նրա գերեզմանի հուշաքարի վրա Spiderman-ի պատկերը տեղադրել, հաղորդում է Metro-ն:

Անգլիայում ծնված Օլի Ջոնսը տառապում էր լեյկոդիստրոֆիայի՝ հազվագյուտ գենետիկ հիվանդության տեսակներից մեկով: Նրան շատ էր դուր գալիս Սարդ-մարդը Marvel-ի կոմիքսներից և նրա հայրը՝ Լլոյդ Ջոնսը, նրան նույնիսկ Դիսնեյլենդ էր տարել՝ սիրելի գերհերոսին հանդիպելու համար:

Երբ տղան մահացավ, Ջոնսը՝ վեց երեխաների հայրը, նրա համար թեմատիկ հուղարկավորություն կազմակերպեց՝ կարմիր և կապույտ փուչիկներով, Spiderman-ի կոստյումի երանգներով: Նա Disney-ին, որը կերպարի սեփականատերն է, դիմեց որդու գերեզմանի հուշաքարին Spiderman-ին պատկերելու համար, սակայն մերժում ստացավ ընկերությունից:

Ընկերությունն իր որոշումը բացատրել է նրանով, որ ցանկանում է պահպանել իր հերոսների «անմեղությունն ու հեքիաթայնությունը»: Թաղման ցանկացած պարագաների վրա ընկերության հերոսներին պատկերելն արգելել է նաև ընկերության հիմնադիր Ուոլթ Դիսնեյը:

Սակայն դժբախտ հայրը գտնում է, որ մերժման պատճառը դրամական ռիսկերն են: Նրա կարծիքով՝ ընկերությունն ինչ-ինչ պատճառներով փորձում է հեռու մնալ մահվան թեմայից: «Ես դա ընդհանրապես չեմ հասկանում, քանի որ նրանց ֆիլմերում հերոսները մշտապես մահանում են»,- ասել է նա:

1939 թ.-ին հիմնադրված Marvel ընկերությունը 2009 թ.-ին գնել է Disney-ը 4.24 մլրդ դոլարով: