Ոստիկանները ձերբակալել են հայ տաքսիստի, ով Մոսկվայում ուղեւորին թունավորել և կողոպտել է


11:58 , 6 հուլիս, 2019

Հուլիսի 5-ի երեկոյան տաքսու վարորդը խոստովանել է Մոսկվայի բնակչին թունավորելը: Հայաստանի քաղաքացին որոշել է ոստիկանություն հանձնվել ազգականների համոզելուց հետո, որոնց ավելի վաղ հարցաքննել էին քննիչները, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Տղամարդը քննչական մարմիններից թաքնվում էր գրեթե մեկ շաբաթ:

«Մի քանի օր առաջ Մոսկվայի ոստիկանությունը տեղեկություն ստացավ այն մասին, որ հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել չպարզված նյութով թունավորման նշաններով տղամարդ: Պարզվեց, որ նա իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ խմել է տաքսու վարորդի առաջարկած ջուրը: Ավելի ուշ քաղաքացին նկատել է, որ իր բանկային քարտը գողացել են, որում 16 հազար ռուբլի կար»,- հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Մոտակա օրերին տաքսու վարորդին մեղադրանք կառաջադրվի «Ավազակություն» հոդվածով: Նրան սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Առայժմ խոսքը մեկ դրվագի մասին է, սակայն քննչական մարմինը քննում է նրա մասնակցությունը նման այլ հանցագործություններին:

«58-ամյա կասկածյալը տեղափոխվել է Մոսկվայի «Խամովնիկի» շրջանի ոստիկանական բաժին, որտեղ նրա հետ կկատարվեն քննչական գործողություններ»,- հավելել է Իրինա Վոլկը: