Ոստիկանությունում աշխատավարձերի բարձրացման իրականությունը և բլեֆը


09:45 , 6 հուլիս, 2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց սույն թվականի ապրիլի 17-ին, սակայն այսօր պարզեցի, որ աշխատավարձերի բարձրացում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել։

Հիմա բացատրեմ` ինչու եմ եկել այդ եզրահանգմանը։ Այսպես՝ ոստիկանության աշխատակիցներից մեկի հետ զրույցում պարզվեց, որ մինչև ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությունը ոստիկանության աշխատակիցները եռամսյակը մեկ ստացել են հավելավճար՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։ Փաշինյանի կողմից ոստիկանների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացնելուց հետո այդ հավելավճարների տրամադրումը դադարեցվել է, որի արդյունքում, եթե վերցնենք տարեկան կտրվածքով, ապա ոստիկանների աշխատավարձերը իրականում նվազել են, ոչ թե բարձրացել։ 

Ստացվում է` պարոն Փաշինյանի հայտարարությունն ընդամենը բլեֆ էր, և ոստիկանները ոչ մի պատճառ չունեն ուրախանալու, որ իրենց աշխատավարձերը իբր բարձրացվել են։ Բացի այդ, եթե այդ «բարձրացմանը» գումարենք նաև ոստիկանների վրա հաճախակի դարձած հարձակումները տրանսգենդերների և տարատեսակ այլ այլասերվածների կողմից, ապա ոստիկաններին ստեղծված իրավիճակի համար կարելի է ցավակցել։