02:09 , 26 հունիս, 2013
Այսօր Հայաստանում տեղի ունեցող բուռն սոցիալ-քաղաքական զարգացումները կարծես թե անխուսափելիորեն տանում են դեպի կտրուկ և անգամ ցնցումներով լի իրադարձությունների, և սա պայմանավորված է ոչ թե ինչ-որ ընտրությունների, այլ այսօրվա հայաստանյան կոնտեքստում անհամեմատ ավելի լուրջ գործոնի՝ արևմուտք-հյուսիս հակամարտության վճռական փուլի հետ, որն ամբողջանալու է նոյեմբերին Եվրամիության հետ կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ ծավալվող իրադարձություններով:
Տարբեր պաշտոնաների օֆշորային սկանդալները, գազի թանկացման և Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ոչ այնքան նուրբ ակնարկները վկայում են, որ մեր երկիրը դե ֆակտո ղեկավարող «անհաղթ» մանրապճեղները աշխարհաքաղաքական երկու խաղացողների կողմից էլ անկյուն են քշված ու այս անգամ դժվար թե կարողանան, սովորության համաձայն, երկու կողմերի ցանկությունները միաժամանակ բավարարել: Զուգահեռաբար, գնալով սաստկանում են հանրային բողոքի դրսևորումները՝ այդ թվում համակարգի ներքին օղակներում: Առաջիկայում սպասվող թանկացումների ֆոնին սպասվում են անկանխատեսելի շրջադարձեր, որոնց այսօրվա ամորձատված համակարգն ուղղակի չի կարող դիմակայել: Այդ անզորության անմիջական ցուցիչն էր օրեր առաջ ոստիկանության կողմից կազմակերպված կլոունադան, թե ինչպես պետք է ծեծել և ցրել ցուցարարներին:
Իսկ ի՞նչ է հարկավոր, որ հանրությունը կարողանա լիարժեքորեն ներգրավվել սոցիալ-քաղաքական գործընթացներին: Ես նախ և առաջ կասեի՝ կազմակերպված և հետևողական ճնշում ժողովրդավարական արժեքներ քարոզող, սակայն իրականում իրենց քաղաքական շահերը դրա տակ «սղղացնող» եվրոպացիներին: Ինչու՞: Նախ, որովհետև նրանք պատրաստվում են հսկայական ֆինանսական միջոցներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, սակայն որոշակի նախապայմանով՝ որ մինչ այդ Հայաստանը կաահովի իրավունքի գերակայության, իր միջազգային պարտավորությունների կատարման, լավ կառավարման որոշակի մակարդակ:
Այ, հենց սրա վրա էլ պետք է քաղաքացիական հասարակության մաս կազմող խմբերը «բռնացնեն» եվրոպացիներին և պահանջել դադարեցնելու «մեկ քայլ առաջ» տրամաբանության մեջ ընթացող մեյմունությունները և ձեռնարկեն իրական քայլեր՝ շատ կոնկրետ և տեսանելի արդյունքներով՝ որպես ինչ-ինչ ծրագրերի ֆինանսավորման նախապայման: Հակառակ դեպքում այդ ֆինանսավորումը միայն սնուցելու է կոռումպացված համակարգը՝ դրանով ուժեղացնելով բռնությունների մեքենան: Այդ դեպքում ու՞մ ինչի՞ն է պետք ձեր այդ «ժողովրդավարությունը»: Շատ կարևոր է հասկանալ, որ ըստ էության, ժողովրդավարությունը միակ բանն է, որը մեզ կարող է առաջարկել արևմուտքը: Բայց դա մի այնպիսի համապարփակ, բաղձալի արժեք է, որի իրական և գիտակցված առկայությունը բավարար նախադրյալ է ամուր պետականություն և տնտեսապաես կայուն հասարակություն ստեղծելու համար:
Հակաթրքության մասին
Վերևում նշված վերլուծությունը կարող էր ինքնանպատակ և հռետորական հնչել, եթե չլիներ մի դիպված, որը ֆեյսբուքյան հարթության վրա բուռն կրքեր առաջացրեց, սակայն ինչ-որ հրաշքով չդարձավ հանրային լայն քննարկումների առարկա: Խոսքը վերաբերում է Հայաստանի մի շարք ակտիվիստենրի նախաձեռնած սոլիդարության նամակին՝ ուղղված Թուրքիայում Գեզի զբոսայգուց սկսված բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցներին: Հարկ չեմ համարում մանրամասն անդրադառնալ սոլիդարության կոչի նախաձեռնողների նկատմամբ ակնհայտորեն հատուկ ծառայությունների կազմակերպած պրիմիտիվ և գռեհիկ վայրենություններին, պազապես նշեմ, որ սա ևս մեկ ցուցիչ է, առողջ ժողովրդավարական գործընթացների դեմ իրականացվող հակազդեցության ամորձատվածության ու բացարձակ տգիտության մասին:
Երկրի սոցիալական կյանքում զրոյական մասնակցություն և գործընթացների վրա նույնպիսի ազդեցություն ունեցող «պրոֆեսիոնալ հայրենասերների», բարեխիղճ մոլորյալների մի հոծ զանգված ցույց տվեց իր բացակայությունը հայաստանյան գործընթացներին՝ խելամտորեն չհասկանալով, որ այդ ակցիան ոչ թե թուրքերի, այլ հենց մեզ համար էր: Սոլիդարության կոչով դու ոչ ուժեղացրեցիր «արյան թշնամի» թուրքին, ոչ էլ թուլացրիր: Դրանով դու ընդամենը դրսևորում ես քո սկզբունքայնությունը իրական ժողովրդավարական արժեքների նկատմամբ, ձեռքի հետ էլ թուրքական կառավարությանն այս տարածաշրջանում իր տեղն ես ցույց տալիս՝ որպես մի սուբյեկտ, որին չի պատշաճում «ասադներին» մեղադրել հակաժողովրդավար լինելու մեջ: Իսկ խելոք ազգերը, ինչպես պատմությունը ցույց է տվել, ժողովրդավարության խաղաքարը շատ հաճախ են գործադրում իրենց քաղաքական հակառակորդներին պատժելու և իրենց պետական շահերն առաջ մղելու համար:
Ծանոթ լինելով ցպահանջ հայրենասերների որակներին և փաստարկման բազային՝ նրանց դժվար հետաքրքիր լինի, բայց մենք Արցախի անկախության անհրաժեշտությունը հիմնավորում ենք նաև նրանով, որ Արցախն ավելի ժողովրդավարական երկիր է, քան Ադրբեջանը, և անտրամաբանական կլինի, եթե ժողովրդավարության ջատագով պետությունները թույլ տան, որ Արցախը մտնի սուլթանական Ադրբեջանի կազմի մեջ: Ի դեպ, Գերմանիան և Ավստրիան վերջերս արգելք դրեցին Թուրքիայի՝ Եվրամիության անդամակցության հարցին՝ պատճառաբանելով հենց թուրքական իշխանությունների բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ: Ու թեև Հայաստանն այժմ Եվրոպայի խորհրդում նախագահող երկիր է ու կարող էր կարգին մատ թափ տալ թուրքական իշխանությունների վրա, բայց քանի որ մեր իշխանությունն իր թիկունքում ունի Մարտի Մեկ և իր էությամբ էլ թուլամորթ ավազակապետերի խաժամուժ է, շատ կարևոր է, որ նրա փոխարեն դա անի քաղաքացիական հասարակությունը:
Առավել կարևոր է Հայաստանի և սփյուռքի առավել լայն հանրությանը ազդակներ հաղորդել, որ օֆշորային կոմպրոմատների թաղված, թույլ և խոցելի խառնակույտի կողմից ղեկավարվող պետության հանգամանքներում շատ կարևոր է ունենալ ժողովրդավարական արժեհամակարգի կրող, սուվերեն քաղաքացիական հասարակության, որն իր որակներով և սկզբունքայնությամբ ունակ կլինի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում կոնսոլիդացվել արժեքների շուրջ: Կարծես ամեն ինչ հենց դրան էլ գնում է:
Կարելի է այս թեման ամփոփել Շանթ Հարությունյանի դիպուկ նկատմամբ, որ նրանք ոչ թե հայրենասերներ են, այլ ուղղակի հակաթուրքեր, որ հորդորում են պատմություն կարդալ, բայց կարծես իրենք պետք է դա անեն՝ միայն թե հասկանալով, ոչ թե մակերեսային, էմոցիոնալ ընկալումներով: Այն, որ եվրոպացիները պատրաստ են հանդուրժել հայերի նկատմամբ իրականացված ևս մեկ ցեղասպանություն, միայն թե գազի գինը Եվրոպայում հինգ ցենտով պակաս լինի, դա ինձ համար աքսիմ է: Այն, որ ռուսները ևս պատրաստ են Հայաստանը հնարավորինս թանկ գնով վաճառել, դա մենք արդեն տեսել ենք Առաջին համաշխարհայինի ժամանակ: Ի՞նչ է պետք այս ամենից սովորել: Ամենևին ոչ թուրքի արյուն խմել...
Ժողովրդավարության մասին
Ինչևէ, անցնենք հարցի բովանդակությանը՝ ի՞նչ է վերջապես այդ ժողովրդավարությունը, և արդյո՞ք դա մեզ պետք է: Աշխարհում ժողովրդավարություն տարածողների լկտի ցինիզմը կարծես լիովին արժեզրկել է այդ եզրույթը՝ այն դարձնելով որպես գործիք այլ երկրների ռեսուրսներին տիրելու, տարածաշրջանային զավթիչ քաղաքականություն վարելու համար, որն առաջացրել է արդարացի կասկած ժողովրդավարության էության և դրա անհրաժեշտության վերաբերյալ: «Քաղաքակիրթ» ազգերի կողմից Հայաստանի ընտրություններին տրված գնահատականներից հետևում է, որ նրանք իրականում շատ բարձրից և արդեն վաղուց թքել են ժողովրդավարական արժեքների և դրանց հիմնասյունը հանդիսացող՝ ընտրությունների ինստիտուտի վրա: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ ժողովրդավարությունը հենց դա է:
Շատերի մոտ ժողովրդավարությունն ընկալվում է որպես մի օտար, անիրականանալի, մոգական երևույթ: Իրականում այն բաղկացած է պարզունակ տարրերից, որոնք կենսական անհրաժեշտություն են ամուր պետականություն կերտելու և տնտեսապես ապահով հասարակություն ունենալու համար: Ժողովրդավարական հաստատությունների էությունն են կազմում ազատ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխելիությունը, իրավունքի գերակայությունն ու դրա վրա հիմնված արդարադատությունը, ազատ տնտեսական գործունեությունն ու սեփականության երաշխավորումը, խոսքի և մամուլի ազատությունը, իշխանության հաշվետվողականությունը հասարակության առջև և այլն: Սա այն համակարգն է, որին պետք է ձգտի ցանկացած առողջ հասարակություն, քանի որ յուրաքանչյուր մարդ օբյեկտիվորեն շահագրգռված է իր իրավունքները պաշտպանված տեսնել, ունենալ վստահելի դատարան, լֆիկների հետ հավասար հնարավորություններով զբաղվել ձեռնարկատիրությամբ, ընտրել ղեկավար մարմիններ և նրանցից պահանջել հաշվետվություն, թե ինչպե՞ս են ծախսվել իր վճարած հարկերը:
Սա է ժողովրդավարությունը՝ չափազանց պարզ, ընկալելի և անվիճերկելի: Մնացածը ժողովրդավարության իմաստի և բովանդակության այլասերումներ են, որոնք հաճախ նպատակամղված կերպով նենգափոխում են ժողովրդավարության իմաստը: Քաղաքացիական հասարակության խնդիրն ու առաքելությունն է հասնելու սրան: Որքան գիտակից ու համառ են հանրության անդամները, որքանով պատրաստ են հետևողականորեն ճեղքել գորշության ու կիսագրագիտության պատնեշները, այնքան այդ հասարակությունը կարող է ակնկալել, որ մի օր կունենա կայացած պետականություն:
Ամփոփելով նշեմ միայն, որ այս վճռական պահին հանրության ինքնակազմակերպված քաղաքացիական նախաձեռնությունների առաքելությունն է իրական ժողովրդավարական արժեքային համակարգի շրջանակներում մշակել հստակ օրակարգեր՝ դրանք պարտադրելով ոչ թե իրենից ոչինչ չներկայացնող, փալաս ադմինիստրացիային, այլ նրանց ֆինանսական թթվածին տրամադրող, բայց որոշակի արժեքներով գոնե առերևույթ կաշկանդված արևմուտքին: Կոմպրոմատի մեջ թաղված, իմպոտենտ կառավարման համակարգի պայմաններում, կարծես առաջին անգամ Հայաստանի հանրության համար ստեղծվել է պատեհություն՝ դառնալու իրական գործոն՝ որպես գիտակից և իրական ժողովրդավարական արժեքային համակարգի կրող ինքնուրույն և ինքնակազմակերպված միավոր:
Ակամայից առաջացել է մի զավեշտալի իրավիճակ, երբ հյուսիսի գործոնը հնարավոր է օգտագործել արևմտյան ցինիկ «ժողովրդավարությանը» վերջ դնելու և իրական հայաստանակենտրոն ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու համար, շատ կոնկրետ գործողություններով եվրոցինիկներին պարտադրել հարգելու իրենց իսկ քարոզած արժեքները և թույլ չտալ, որ այդ արժեքներն օգտագործվեն որպես իշխանությունների վրա ճնշման մեխանիզմ՝ մեր ազգային շահերի հաշվին իրենց տարածաշրջանային շահերը սպասարկելու համար:
Արթուր Գրիգորյան