Արարատի մարզի Գեղանիստ գյուղի արհեստանոցներից մեկում ուժեղ պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է (Video)


23:10 , 5 հուլիս, 2019

Shamshyan.com-ը  գրում է.

Այսօր՝ հուլիսի 5-ին, Երևանի ճառագայթման բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Անտոնյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 27-ին իր տան ավտոտնակում նախկին դիզելային վառելիքի ալյումինե բակի վրա զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով: Բակը պայթել էր, ինչի հետևանքով Հ. Անտոնյանն ու այդ պահին ավտոտնակում գտնվող, Արբաթ գյուղի բնակիչ, 48-ամյա Արսեն Կարապետյանը տարբեր աստիճանի այրվածքներով քաղաքացիների օգնությանբ տեղափոխվել էին Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղից էլ Հ. Անտոնյանը տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հալաբյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 27-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն էր հնչել գյուղի գլխավոր փողոցւմ գտնվող վուլկանացում Արգոնի զոդում արհեստանոցում։

Պայթյունի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել արհեստանոցից և քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։

Պայթյունի վայրում հավաքվածներն ասում էին. «Լսեցինք ուժեղ պայթյունի ձայն ու տեսնենք՝ արհեստանոցից կրակ ա դուրս գալիս։ Միանգամից մտել ենք ու 2 աշխատողներին վնասվածքերով դուրս ենք բերել։ Մեր ուժերով մարել ենք կրակն ու մի 10 անգամ զանգահարել ենք 1-03 շտապօգնություն, սակայն տեսանք, որ 45 րոպե է՝ ուշանում են, քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով վիրավորներին տարան։ Մինչև այս պահն էլ սպասում ենք, որ շտապօգնությունը պետք է ժամանի։ Հետո էլ, որ ջղայնանում են շտապօգնության բրիգադների վրա, ասում են, թե էսպես չի, էնպես ա։ Մարդը վիրավոր գետնին ընկած՝ 40 րոպեից ավելի սպասի, թե երբ ա բարեհաճելու շտապօգնությունը»։

Դեպքի մասին տեղեկացվել էր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին, ում հանձնարարականով ժամանել էր ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: