Շարմազանովի անցյալը քրքրելը պարզապես անշնորհակալ զբաղմունք է


22:58 , 25 հունիս, 2013

Հարգելի գործընկերներ, բոլորդ լավ գիտեք, որ իշխանությունների քայլերի ամենասուր քննադատներից եմ և երբեք գրելիս տարբերություն չեմ դնում՝ ով է այս կամ այն բացթողման և հանցավոր արարքի մեղավորը: Սակայն անընդունելի եմ համարում, երբ իշխանության այս կամ այն ներկայացուցչին քննադատելիս մեր գործընկերներից ոմանք ակնհայտորեն խեղաթյուրում են փաստերը: Հասկանալի է, որ ընդդիմադիր գործիչները իշխանության գործիչներին (և հակառակը) քննադատելու առիթը բաց չեն թողնում, բայց դա չպետք է լինի կեղծիքի հաշվին:
Այսօր աչքովս ընկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերաբերյալ հրապարակում, որտեղ կային այսպիսի տողեր. «Սակայն Շարմազանովը ոչնչով աչքի չընկնող, լիդերությամբ առավել ևս, ծանոթ-բարեկամ հայտնի մեթոդով դառնում է ուսխորհրդի նախագահ ու փորձում աչքի ընկել: Դե, եթե մարդը նույնիսկ սեփական ուժերով չի դառնում ուսխորհրդի նախագահ, էլ ինչի մասին է խոսքը»:
Ես և Շարմազանովը սովորել ենք նույն ֆակուլտետում, և ցանկանում եմ ընդգծել, որ նա այդ տարիներին աչքի էր ընկնում ոչ միայն փայլուն կրթությամբ, այլև լիդերության հստակ հատկանիշներով: Նրան ոչ միայն համալսարանում էին լավ ճանաչում, այլև որպես ինտելեկտուալի՝ հայտնի հեռուստախաղերի ժամանակ: Երբ նա ընտրվեց ուսխորհրդի նախագահ, այդ ժամանակ գրեթե ծանոթ-բարեկամ չուներ այդ համակարգում, պարզապես շատ աչքի ընկած և գրագետ երիտասարդ էր: Ալավերդու քաղաքապետի ընտրության ժամանակ որևէ ծեծ կամ փախուստ չի եղել, ինչպես նշում է հոդվածագիրը: Ես այդ օրերին ուշադիր հետևել եմ պրոցեսներին: Իսկ նախքան վարչապետի օգնական նշանակվելը շատ ակտիվ հասարակական գործունեություն էր ծավալում: Ես սա ասում եմ որպես այդ գործընթացների անմիջական ականատես, ոչ թե վերաշարադրում եմ «չար լեզուների» ասածները:
Չնայած իմ և Շարմազանովի ճանապարհները հատվեցին՝ քաղաքական տարբեր հայացքների պատճառով, բայց չէի կարող անտարբեր գտնվել ակնհայտ անհիմն մեղադրանքների նկատմամբ: Ի վերջո, եթե համաձայն չեք քաղաքական գործչի դիրքորոշմանը, հայտարարեք այդ մասին բաց տեքստով, որովհետև անցյալին անհիմն հղումները կոռեկտ չեն: Ներկա պահին իշխանությունները այնքան քննադատելու բան ունեն, որ Շարմազանովի անցյալը քրքրելը պարզապես անշնորհակալ զբաղմունք է...
Չնայած հիմա ինձ կսկսեն մեղադրել անգամ Քենեդու սպանության մեջ, բայց չէի կարող ճշմարտությունը չգրել...