Հնդկաստանում երիտասարդը հարություն է առել իր թաղման ժամանակ


02:41 , 5 հուլիս, 2019

Հնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում անսովոր դեպք է տեղի ունեցել. բժիշկների կողմից պաշտոնապես մահացած ճանաչված 20-ամյա մահմեդականը կենդանացել է սեփական թաղումից առաջ:

Երիտասարդ Մուհամեդ Ֆուրկան ավտովթարի է ենթարկվել, ինչի արդյունքում հայտնվել է կոմայում՝ թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված: Երբ նրա ընտանիքն այլևս վերակենդանացման պալատի համար վճարելու գումար չի ունեցել, Մուհամեդին պարզապես անջատել են սարքից, և բժիշկները հաստատել են նրա մահվան փաստը, գրում է «Իսլամնյուզը»:

Երբ երիտասարդի մարմինը տեղափոխել են Ինդիրանգար՝ ծնողների տուն, նրա ընտանիքն արդեն պատրաստվում էր հուղարկավորությանը: Սակայն, ի զարմանս հարազատների, Մուհամեդը սկսել է շարժվել պատգարակի վրա և շուտով գիտակցության է եկել:

Ցնցված ծնողները շտապ օգնություն են կանչել, և տղային հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները հայտարարել են, որ Մուհամեդի ուղեղը չի վնասվել, նա ունի զարկերակային ճնշում և գոյատևելու հնարավորություն: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: