08:42 , 5 հուլիս, 2019
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 350 գ
- կարագ - 230 գ
- եղեգնաշաքար - 350 գ
- ձու - 4 հատ
- ձվի դեղնուց - 2 հատ
- ալյուր - 160 գ
- կակաո - 5-6 ճ/գ
Պատրաստման եղանակը
Մանրացրած շոկոլադն ու կարագը լցնում ենք կաթսայի մեջ, միջին ուժգնության կրակի վրա հալեցնում, խառնում ու ստանում հարթ ու համասեռ զանգված: Շագանակագույն շաքարավազը լցնում ենք ստացված զանգվածի մեջ և լավ խառնում: Զանգվածի ջերմությունից շաքարավազը մի քիչ հալչում է, և զանգվածը դառնում է ծորուն: Մի քանի րոպե սպասում ենք, հետո լցնում ենք ձվերը, 2 դեղնուցները և նորից խառնում:

Հետո ավելացնում ենք ալյուրն ու կակաոն և խառնում մինչ համասեռ դառնալը: Ցանկալի է հարիչ չօգտագործել՝ խուսափելու համար ավելորդ պղպջակներից: Պատրաստի զանգվածը լցնում ենք յուղաթուղթ փռած ձևամանի մեջ: Այստեղ տեղին կլինի օգտագործել մետաղյա շրջանակ (18 x 18սմ), որպեսզի «Բրաունին» հավասարաչափ բարձրանա ու գեղեցիկ լինի:
Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Ոչ մի դեպքում չպետք է ավելի երկար թխել: Հետո «Բրաունին» հովացնում ենք ցանցի վրա և ձևամանից հանում:

Եթե ամեն ինչ ճիշտ ենք արել, ստացվում է սենդվիչ՝ վերևից ու ներքևից 2 մմ բարակ կեղևով, կենտրոնում՝ մածուցիկ, գերհագեցած շոկոլադային զանգվածով: Որպեսզի «Բրաունին» հեշտությամբ կտրվի, մի քանի ժամ սառնարանում սառեցնում ենք, իսկ հետո կտրում տաք դանակով:

Ահա և վերջ:

Իսկ այժմ մի կտոր «Բրաունի» ենք կտրում և վայելում բերանում ակնթարթորեն հալչող շոկոլադե աղանդերը: Ի դեպ, եթե այսքանով էլ չեք բավարարվում, կարող եք վրան շոկոլադե գանաշ լցնել. շոկոլադը երբեք շատ չի լինում։