22:24 , 25 հունիս, 2013
Օրենքը գործում է, բայց չգիտես ինչու` ոչ բոլորի համար (չնայած լավ էլ գիտենք պատճառը).
Մի քանի րոպե առաջ Կասկադում էի: Սրճարաններից մեկում նստած` զրուցում էի ընկերներիս հետ: Տարօրինակ ակտիվություն նկատեցի: Ճանապարհային ոստիկանության մեքենաների ազդանշանը հնչում էր մեկը մյուսի հետեւից: Սկզբում կարծեցի, թե ինչ-որ պաշտոնյա պետք է անցնի` ճանապարհ են բացում: Ուշադրությունս փոխեցի ընկերներիս կողմը: Մի քանի բառ էինք հազիվ փոխանակել, երբ ՃՈ մեքենաները` պետի` Աշոտ Արշակյանի գլխավորությամբ կանգնեցին Կասկադի արձանների մոտ, հենց մեր սրճարանի կողքին: Անկեղծ` զարմացանք: Հետաքրքրությունից ելնելով սկսեցինք հետեւել դեպքերի զարգացմանը եւ հասկանալ` ինչ է կատարվում: Տեսնենք, որ Արշակյանը նախ պահանջեց (քաղաքավարի ձեւով) տաքսու վարորդի` վարորդական իրավունքը: Դա նայելուց հետո սկսեց ձեռքով ինչ-որ բան բացատրել նրան: Վարորդը գլուխը կախ լսում էր: Եթե մինչեւ այդ մի փոքր ժպտում էր, ապա կատարվածից հետո նրա դեմքին միայն մտածմունք իջավ: Արշակյանը ՃՈ ոստիկանին հրամայեց` ակտավորել վարորդին: Վերջինս նույնիսկ չփորձեց հակառակվել եւ գլուխը կախ գնաց մեքենայի մոտ:
Պարզվում է. մի երկու օր է` նոր նշան է տեղադրվել Կասկադում, որն արգելում է նշված ժամի ընթացքում որեւէ մեքենայի մուտքը Կասկադի արձանների պարտեզ: Դրա մասին ինձ ասել էր նաեւ մեկ այլ տաքսու վարորդ...
-Ախպեր ջան, կներես, քո ուզած տեղը քեզ չեմ կարա իջացնեմ. իրավունք չունեմ:
-Ինչի՞:
-Այ էն նշանը տեսնո՞ւմ ես:
-Հա:
-Այ հենց դրա համար էլ չեմ կարա: Իզուր պիտի տուգանվեմ: Եթե դու կմուծես, գնամ, քո ուզած տեղը կանգնեմ:
- Չէ, ոչինչ, ստեղ կիջնեմ: Երկու քայլ տեղ ա:
Ցավոք սրտի, սկզբում նշածս տաքսու վարորդը միակը չէր, որը տուգանվեց: Ոստիկանները կանգնել էին պարտեզի մի կողմում, որտեղից մեքենաները արդեն դուրս էին գալիս: Ակտավորում էին ու ակտավորում:
Հանգստի ժամ, ու շատերն այդտեղ գալիս էին տաքսիներով: Եթե մինչեւ այդ վարորդները ուրախացել էին մի քանի հարյուր դրամ «չայեվոյի» համար, ապա նրանց այդ վիճակը շատ կարճ տեւեց. տուգանվեցին:
Պարզապես պետք էր տեսնել վարորդների խեղճացած, զզված եւ մտահոգ դեմքերը:
Ճիշտ է, մանր-մունր «թանկարժեք» մեքենաներ էլ տուգանվեցին, բայց...
«Գենոցիդը» շարունակվում էր, երբ «Land Cruiser»-ը գոլդ համարանիշներով (ինչպես Շամշյանն է սիրում ասել) փորձեց «ճղել արանքը», բայց` չհաջողվեց: Մի շտապեք ուրախանալ: Ոստիկանները կանգնեցրին նրան, ԶԳՈՒՇԱՑՐԵՑԻՆ եւ բարի երթ մաղթեցին, բայց մի քանի մետր այն կողմ` այդ նույն արարքի համար, տուգանվում էր տաքսու վարորդը: