Գիտնականներն առաջին անգամ «մաքրել են» ԴՆԹ-ն ՄԻԱՎ-ից


22:45 , 4 հուլիս, 2019

Վարակաբանների միջազգային խումբն առաջին անգամ կարողացել է ոչնչացնել մկների բջիջներում ՄԻԱՎ-ի բոլոր հետքերը՝ օգտագործելով հայտնի գենոմային ռեդակտոր CRISPR/Cas9-ը՝ համադրելով այն վիրուսը ճնշող նյութերի հետ։

Սկզբում կրծողներին վարակել են ՄԻԱՎ-ով, ապա բուժել են նրանց նոր LASER ART մեթոդով, որը թույլ է տալիս վիրուսի առկայությունը հասցնել հնարավոր նվազագույնի։ Դրանից հետո հետազոտողները CRISPR/Cas9-ի օգնությամբ հեռացրել են ԴՆԹ հաջորդականությունն այն բջիջներից, որոնց մեջ մնացել էր վիրուսը։ Փորձն անց է կացվել այն կենդանիների խմբի վրա, որոնք «մարդկային» իմունային համակարգ ունեն։

Մասնագետներն ասում են, որ ՄԻԱՎ-ի դժվար բուժման պատճառներից մեկն այն է, որ վիրուսը, երբ այն զբաղված չէ բազմացմամբ, ողջ մարմնում տարածմամբ, կարող է անգործության մատնվել և անտեսանելի մնալ իմունային համակարգի համար։ Այն պահին, երբ վիրուսը դուրս է գալիս իմունային համակարգի տեսադաշտից, այն կրկին սկսում է բազմանալ և տարածվել օրգանիզմում։

Գոյություն ունեցող նյութերը կարողանում են լավ վերահսկել բազմացման ընթացքն ու վիրուսի փոխանցումը, սակայն ունակ չեն ամբողջությամբ հեռացնելու ՄԻԱՎ-ը օրգանիզմից։ Նոր փորձերը, թվում է, փոփոխում են իրավիճակը։ Մոտակա ժամանակներս գիտնականները նախատեսում են ուսումնասիրություններ կատարել պրիմատների վրա, ինչպես նաև մարդկանց շրջանում կամավորներ են փնտրում։