Ադրբեջանը հայկական գորգերը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրել է որպես իր մշակութային արժեք


21:00 , 4 հուլիս, 2019

Բաքվում ցուցադրվել է 3 գորգ, որոնք ադրբեջանական կողմը հայտարարել է որպես հազարամյա պատմություն ունեցող ղարաբաղյան գորգագործության նմուշ։ Սակայն թե ինչպես է այս հազարամյա պատմությունը հարաբերվում Ադրբեջանի հետ՝ մասնավորապես և թյուրքերի հետ՝ ընդհանրապես, անհայտ է։ Բոլորին է հայտնի, որ Արցախը Ադրբեջանի խորհրդային հանրապետության կազմի մեջ է մտել միայն 1921 թ. հուլիսի 5-ին, իսկ առաջին թյուրքերը դրա տարածք են մտել XVIII դարում։

Ցուցադրված գորգերը «Լուվրի թանգարանում Ադրբեջանի մշակութային ժառանգություն» ցուցադրության մի մասն են, որն իրականացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ սեսիայի շրջանակներում։

Հայկական գորգագործության ավանդույթներն Արցախում բոլորովին անտեսվել են Ադրբեջանի մշակութային պետական գործիչների կողմից, ինչը, ըստ էության, սպասելի էր։ Ցուցադրությունն ուղեկցող գրություններում խոսվում է ղարաբաղյան գորգերի նախշերի և պատկերների վրա արաբական, մոնղոլական և եվրոպական ազդեցությունների մասին, սակայն հայկականի մասին չկա ոչ մի խոսք։ Եվ սա այն դեպքում, երբ հայերը մշտապես ճնշող մեծամասնություն են կազմել, իսկ մինչև շրջանի՝ Ադրբեջանի կազմ մտնելը՝ 94-95%-ը։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմին հաջողվել է «գայթակղել» ոչ միայն սեփական պետական գործիչներին, օրինակ՝ մշակույթի նախարար Աբուլֆաս Հարաևին, այլև այլ պետությունների ներկայացուցիչների՝ Ֆրանսիայի դեսպան Աուրելիո Բուշին, Հորդանանի արքայադուստր Դանա Ֆիրասին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ավստրալական դեսպան Անգուս Մաքենզիին։