«Ժողովուրդ». Ովքե՞ր են բացակայել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստերից
11:10 , 4 հուլիս, 2019
«Հունիս ամսվա ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ նիստ է գումարել: Հանձնաժողովն արդեն ԱԺ աշխատակազմ է ներկայացրել այդ նիստից բացակա պատգամավորների ցանկը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովներից և լիագումար նիստերից ոչ հարգելի բացակայությունների պատճառով պատգամավորների աշխատավարձից պահումներ են կատարվում, և յուրաքանչյուր ամսվա սկզբում ներկայացվում է նախորդ ամսվա բացակաների ցանկը:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի 13 անդամից այդ նիստին բացակա են եղել երեքը, որից միայն մեկի՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բացակայությունն է հարգելի եղել, քանի որ նա գործուղման է եղել:
Մյուս բացակաները ԲՀԿ-ականներն են՝ ԱԺ փոխնախագահ Վահե էնֆիաջյանը և Տիգրան Ուրիխանյանը: Սա հանձնաժողովի թվով հինգերորդ նիստն էր: Օրինակ՝ մայիս ամսվա ընթացքում ևս նիստ գումարել էր հանձնաժողովը, սակայն բացականեր չէին եղել:
Ապրիլ, մարտ և փետրվար ամիսներին ևս հանձնաժողովների նիստերից բացակայություններ չեն եղել: Ստացվում է՝ միայն հունիս ամսվա հանձնաժողովի նիստից են պատգամավորներ բացակայել: Սակայն շատ հանձնաժողովներ դեռևս չեն ներկայացրել բացակաների ցանկը, և միայն ամբողջական պատկերից հետո պարզ կլինի, թե ովքեր են պարտաճանաչ հաճախում նիստերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: