18:55 , 25 հունիս, 2013
Հետխորհրդային տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումները շատ հաճախ իմիտացիոն բնույթ են կրում, իսկ որոշ երկրներում այդ իմիտացիոն տեխնոլոգիաները երբեմն զավեշտ են հիշեցնում:
Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցող զարգացումները դժվար է բնութագրել ոչ այլ ինչ, քան քաղաքական զավեշտ: Նախ այդ երկրի կառավարող՝ «Ենի Ադրբեջան» կուսակցությունը իր համագումարում նախագահի թեկնածու առաջադրեց Իլհամ Ալիևին: Սա սպասելի էր, քանզի տարիներ առաջ Ադրբեջանի Սահմանադրությունը փոխվեց և վերացվեց երրորդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված արգելքը՝ Իլհամ Ալիևի համար ցմահ նախագահ դառնալու հնարավորություն ստեղծելու համար: Ալիևի առաջադրվելուց հետո պարզվեց, որ Ադրբեջանի նախագահի աթոռի համար, ինչպես ասում են «տանից երկու հոգի է մասնակցելու»: Մասնավորապես, հայտնի դարձավ, որ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան նույնպես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Որքան էլ այս երևույթը արտաքին աշխարհի համար անհեթեթ թվա, այնուամենայնիվ, այն ադրբեջանական ներքաղաքական փիլիսոփայության շրջանակներում ունի իր բացատրությունը: Նախ սրանով ադրբեջանական հասարակությանը ,վերջնականորեն , հոգեբանական առումով հարմարեցնում են այն մտքին և իրողության հետ, որ Ադրբեջանում քաղաքականությամբ զբաղվելու և իշխանություն ունենալու բացառիկ իրավունքը պատկանում է միայն մի ընտանիք, իսկ թե ով կլինի նախագահ՝ հայրը, որդին, հարսը, թե թոռը` այդքան էլ էական չէ:
Երկրորդ՝ ամենակարևոր հանգամանքը` երկրորդ տեղի համար պայքարն է: Ակնհայտ է, որ նախագահական ընտրություններում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնելու են Իլհամ և Մեհրիբան զույգը, ուստի գոյություն ունեցող ընդդիմությանը կհատկացվի ամենաշատը երրորդ հորիզոնականը: Սրա նպատակը հետևյալն է, որպեսզի ընդդիմության գործիչը իր ցուցանիշներով հնարավորինս հեռու գտնվի Իլհամի ցուցանիշից և հետագայում միջազգային հանրությանը մատնանշվի, որ տեսեք, ընդդիմությունը նույնիսկ երկրորդ տեղում չի, հետևաբար նրանց փողոցային պայքարը լեգիտի չի ,ուստի իշխանությունը կարող է իրեն իրավունք վերապահել զանգվածային բողոքի ակցիաների հետ վարվել այնպես, ինչպես միշտ վարվում են Ադրբեջանում ցանկացած նման միջոցառման դեպքում:
Եվ վերջապես երրորդ՝ ֆորսմաժորի դեպքում, եթե ոչ Իլհամը, ապա գոնե Մեհրիբանը նախագահի աթոռին նստելու հնարավորություն կունենա:
Էդգար Առաքելյան