Renault-ի կենտրոնական գրասենյակում խուզարկություն են իրականացնում


05:30 , 4 հուլիս, 2019

Renault-ի կենտրոնական գրասենյակում, որը գտնվում է Փարիզից արևմուտք Բուլոն-Բիյանկուր կոմունայում, խուզարկություններ են անցկացվում, հաղորդում է BFM TV-ն:

L’Express պարբերականի տվյալներով, այսօր առավոտյան դատախազության և Կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ոստիկանության շուրջ 20 աշխատակիցներ են այցելել ընկերության գրասենյակ: Հենց այս ստորաբաժանումն է հետաքննում Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի եկամուտները թաքցնելու գործը:

Renault խումբը հաստատել է խուզարկության փաստը և հայտարարել, որ լիովին համագործակցում է իշխանությունների հետ, սակայն այլ մանրամասներ չի տրամադրել:

2018 թ.-ի նոյեմբերի 19-ին Կառլոս Գոնը ձերբակալվել է Տոկիոյում: Գոնը մեղադրվում է իր հնգամյա պարգևատրման չափը կիսով չափ, մոտ 44 միլիոն դոլարի չափով, պակաս ցույց տալու, ինչպես նաև 2008-ին արժեթղթերի հետ անհաջող գործարքներից իր անձնական ֆինանսական կորուստները Nissan-ին վերագրելու մեջ: