Եթե Սպիտակ տան ռմբապաստարանում տեղ չլինի, ես ուղղակի ուզում եմ լինել քո կողքին, մեռնել քեզ հետ


18:02 , 25 հունիս, 2013

Միացյալ նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունից մի քանի ամիս անց առաջին տիկին Ժակլին Քենեդին ձայնագրել է իր անկեղծ խոստովանությունները համաշխարհային լիդերների, հասարակական գործիչների, նաեւ՝ իր ամուսնու նախագահության օրոք աշխատած պաշտոնյաների մասին։
Ձայնագրությունը, Ջեքի Քենեդիի ցանկության համաձայն, չպետք է հրապարակվեր մինչեւ 2044 թվականը: Նախկին առաջին տիկինը դիտարկել էր հնարավորությունը, որ իր գաղտնազերծած պատմությունները կարող են պետական գաղտնիքներ պարունակել, ուստի հրահանգել էր իր մահից միայն 50 տարի անց դրանք հրապարակել։ 
Ժակլին Քենեդին այդ հարցազրույցում մասնավորապես հիշում է, թե ինչքան մտերիմ էր ամուսնու հետ Կարիբյան ճգնաժամի տարիներին, երբ Միացյալ Նահանգներն ու Սովետական Միությունը հայտնվել էին ատոմային պատերազմի շեմին։ Որոշ ամերիկյան պաշտոնյաներ այդ ժամանակ իրենց ընտանիքները՝ կանանց, երեխաներին, հեռացրել են երկրից, սակայն առաջին տիկինը հրաժարվել է լքել երկիրը։ «Եթե ինչ-որ բան պատահի, մենք բոլորս միասին պետք է լինենք, այստեղ` քո կողքին, - ասել է նա նախագահին: - Եթե Սպիտակ տան ռմբապաստարանում տեղ չլինի, ես ուղղակի ուզում եմ լինել քո կողքին, մեռնել քեզ հետ։ Դա նաեւ երեխաներն են ուզում։ Դա ավելի լավ է, քան առանց քեզ ապրելը»։