17:39 , 25 հունիս, 2013
Երեկ մեծ էկրաններ բարձրացավ «Չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմը, որում նկարահանվել է նաև դերասանուհի Աննա Հարությունյանը:
Ֆիլմի առաջնախաղի հենց հաջորդ օրը՝ այսօր, դերասանուհի Աննա Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով պաշտպանել իր հեղինակային իրավունքները, որոնք խախտվել են ֆիլմի ստեղծագործական կազմի կողմից: «Չեզոք գոտի» ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհին, ով երեկ ներկա չի եղել դրա պրեմիերային, առաջինը esyes.am -ին մանրամասնեց դատարան դիմելու պատճառները:
«Ֆիլմը պատրաստվում էր պրեմիերայի, սակայն այդ ընթացքում ինձ չէին կանչել ձայնը կարդալու՝ ձայնային հնչունավորման: Նշանակում է՝ ձայն կա, եթե պրեմիերա են անում, քանի որ առանց ձայնի այն չէր կարող մեծ էկրան բարձրանալ: Սակայն ձայնը ես չեմ կարդացել, ինչն էլ նշանակում է, որ մեկ ուրիշն է իմ փոխարեն դա արել,-ասաց Աննան և հավելեց, որ իրեն նույնիսկ չեն էլ տեղեկացրել, որ իր ձայնը ուրիշ մեկն է կարդալու,- իրենց կողմից ոչ մի վերաբերմունք, զանգ, խնդրանք չի եղել»:
Դերասանուհու խոսքերով՝ իրեն նույնիսկ չէին էլ հրավիրել ֆիլմի պրեմիերային: «Դատարան դիմելու համար փաստեր են պետք, այդ իսկ պատճառով էլ այժմ եմ դիմել դատարան, երբ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել»,-esyes.am -ի հետ զրույցում ասաց Աննան, ով ֆիլմում նկարահանվել է անցյալ տարվա սեպտեմբերից:
Այսպիսով, Աննան դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով հեղինակային իրավունքների բավարարում. «Ես ՀՀ քաղաքացի եմ, դերասանուհի, ով ուզում է իր հեղինակային իրավունքները պաշտպանել: Ուրախ եմ, որ կարող եմ այս հարցի շուրջ ձայն բարձրացնել, որովհետև դա շատ կարևոր է դերասանուհու, արվեստագետի համար: Երբ դերասանը կամ արվեստի այլ ներկայացուցիչը նոր բան է ստեղծում, հոգի ու սիրտ է դնում դրա մեջ, այսինքն՝ հոգեբանական ծանր հարված են նաև ինձ հասցրել»:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը