Արամ Վեհափառը լռեց և շարունակում է լռել


19:00 , 2 հուլիս, 2019

Աննա Հակոբյանի գրասենյակի հաղորդագրությունից տեղեկացա, որ Լիբանանում Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հովանու ներքո հայ մամուլին նվիրված համահայկական համաժողով է անցկացվում: Հուսով եմ՝ համաժողովի ընթացքում Արամ Ա Կաթողիկոսի հայրապետական խոսքում գնահատականներ կտրվեն հայաստանյան իշխանություններին սպասարկող լրատվամիջոցների վարքագծի և քաղաքականության մասին` կապված Մայր Աթոռի Վեհարանը գրոհելու և Գարեգին Վեհափառի նկատմամբ ֆիզիկական ոտնձությունների փաստերի հետ:

Որպես Հայ առաքելական եկեղեցու զավակներ` շատերիս մոտ մինչ այժմ հանելուկ է մնում իրողությունն առ այն, որ Արամ Ա Կաթողիկոսը լռեց այդ օրերին, լռում է նաև հիմա, կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Արամ Վեհափառը լռեց և շարունակում է լռել նաև անվանի քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանի և նրա թոռնիկների վրա ամբոխի հարձակման փաստի և այդ զազրելի իրադարձությունը Հայաստանի իշխանությանը սպասարկող լրատվամիջոցների ներկայացման ձևի ու բովանդակության մասին: Միևնույն ժամանակ մենք` հայաստանցի Հայ առաքելական եկեղեցու զավակներս, ականատեսն ենք տարատեսակ աղանդավորական շրջանակների նկատմամբ Արամ Ա Կաթողիկոսի բարյացկամ վերաբերմունքի:

Արամ Ա Կաթողիկոսը նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում բարձր ընդունելության է արժանացնում այն խմբավորման ներկայացուցիչներին, որոնց գործողությունների հետևանքով իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս երեք հայ սպաներ են զոհվել: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գործողությունների տրամաբանությունը, չեմ կարողանում Արամ Ա Կաթողիկոսի գործողություններում հայտնաբերել քրիստոնեական վարդապետության ոգին: Այնուամենայնիվ, որպես հավատավոր քրիստոնյա` մեծ հույս և սպասում ունեմ, որ հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովի ընթացքում Արամ Ա Կաթողիկոսը կանդրադառնա այս հարցադրումներին և ի վերջո դիրքորոշում կհայտնի։