Հունիսի 27-ին կայացավ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածուների միջև բանավեճի երկրորդ մասը


13:19 , 1 հուլիս, 2019

Այս բանավեճին մասնակցում էին հարցումների արդյունքով ամենից բարձր վարկանիշ ունեցող թեկնածուները, մասնավորապես՝ Ջ. Բայդենը (32%) և Բ. Սանդերսը (16%)։ Բանավեճի ընթացքում քննարկվեցին առողջապահության, կրթության, ներգաղթի, զենքի վաճառքի վերահսկողության և արտաքին քաղաքական որոշ հարցեր։ Առավել վիճահարույց թեմաներից էր առողջության մասնավոր ապահովագրության հարցը։ Թեկնածուներից Բ. Սանդերսն ու Ք. Հարրիսը կողմ արտահայտվեցին մասնավոր ապահովագրության վերացմանը՝ հօգուտ կառավարության կողմից իրականացվող ծրագրի։ Ջ. Բայդենը խոսեց իր ընտանեկան դժբախտության մասին՝ ընդգծելով Obamacare-ի (հասանելի առողջապահության և հիվանդների պաշտպանության բարեփոխումների ակտ) կարևորությունը։ 
Բանավեճի ընթացքում բոլոր թեկնածուները քննադատեցին Թրամփի՝ հարկերի կրճատման ակտը։ Բայդենը կոչ արեց վերացնել հարկերի կրճատումը հարուստների համար, իսկ Սանդերսը Թրամփին որակեց որպես «խաբեբա, պաթոլոգիական ստախոս և ռասիստ», ով չի սատարում աշխատավոր ընտանիքներին` ստելով իր ընտրողներին։
Ինչ վերաբերում է ներգաղթի հարցին, թեկնածուներից միայն մեկը (Մ. Բեննեթը) դեմ եղավ սահմանը առանց փաստաթղթերի հատման ապաքրեականացմանը։ Ըստ Բայդենի՝ լուծումը տարածաշրջանին օգնություն տրամադրելու մեջ է, և հիշեցրեց, որ հենց իր իշխանության եղած ժամանակ $740 մլն էր տրամադրվել խնդրի արմատապես լուծմանը։ 

Ի տարբերություն ներքին խնդիրների՝ արտաքին քաղաքական հարցերը խորապես չքննարկվեցին բանավեճի ընթացքում։ Եթե նախորդ բանավեճում որպես աշխարհաքաղաքական սպառնալիք թեկնածուներից չորսը նշեցին Չինաստանին, ապա այս բանավեճի ընթացքում թեկնածուներից երկուսը առանձնացրին Ռուսաստանը, իսկ ավելի ուշ Ք. Հարրիսը գլխավոր սպառնալիք համարեց Դ. Թրամփին։ 

Բանավեճի ընթացքում աչքի ընկավ Ք. Հարրիսը, ով, լինելով միակ սևամորթ կին թեկնածուն, Ջ. Բայդենին մեղադրեց խտրական սենատորների մասին իր կարծիքի և դպրոցական bussing-ին (դպրոցներում սեգրեգացիան հաղթահարելու ծրագիր) դեմ լինելու մեջ՝ իրեն ներկայացնելով զոհի լույսի ներքո։ 

Չնայած ներքին պայքարին՝ բանավեճի ընթացքում թեկնածուների առանցքային խնդիրը Դ. Թրամփի քաղաքականությունը քննադատելն էր, իսկ նպատակը՝ ցույց տալ, որ հենց իրենք կարող են պայքարել վերջինիս դեմ 2020-ի ընտրություններում։ Թեև ներկայումս առաջատարի դիրքերը զբաղեցնում են Ջ. Բայդենն ու Բ. Սանդերսը, այնուամենայնիվ, իրենց առավել ակտիվ դրսևորեցին այնպիսի թեկնածուներ, ինչպիսիք են Ք. Հարրիսը, Փ. Բութիջիչը և Է. Ուորենը, որոնք հենց կլինեն Բայդենի և Սանդերսի գլխավոր մրցակիցները։