3000 թվականի մարդը. ինչ ձևափոխություններ կկրի մարդու օրգանիզմը գաջեթներից կախվածության հետևանքով


05:44 , 1 հուլիս, 2019

Զանգվածային գանգ, փոքր ուղեղ և կոպերի երկրորդ զույգ. ահա ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հետևանքով մարդու օրգանիզմի ապագա ադապտացիաների մի քանի տարբերակները:

TollFreeForwarding հեռահաղորդակցության ընկերությունը գիտական հետազոտություններ և փորձագետների կարծիքներ է հավաքել՝ ապագայի մարդու 3D մոդելը ստեղծելու համար: Իսկ կատարված աշխատանքի արդյունքը կարող է ցնցել յուրաքանչյուրին:

Մինդին ապրում է 3000թ.-ին: Նա ստիպված է շատ աշխատել՝ համակարգչի մոնիտորի առջև կռացած: Բացի այդ՝ նա մշտապես ձգում է պարանոցը, որպեսզի նայի իր սմարթֆոնի էկրանին: Դրա պատճառով նրա պարանոցի մկաններն ավելի զանգվածային և ամուր են դարձել՝ փոխհատուցելով վատ կեցվածքը:

«Ժամերով գլուխը դեպի ներքև թեքելը լարվածություն է առաջացնում պարանոցի հատվածում և խախտում ողնաշարի հավասարակշռությունը»,- ասում է Քալեբ Բաքը՝ Maple Holistics-ի առողջության հարցերով փորձագետը:

Բայց Մինդիի հարմարվողականությունը սրանով չի ավարտվում: Նրա գանգը հաստացած է, ինչն օգնում է պաշտպանել ուղեղը սմարթֆոններից արտանետվող ռադիոհաճախականային ճառագայթումից: Նույն սարքերի մեղքով նրա ձեռքը մշտապես սեղմված վիճակում է, իսկ արմունկը թեքվել է 90 աստիճանով:

Մինդիի վերջին և միևնույն ժամանակ ամենատարօրինակ կերպարանափոխությունը նրա երկրորդ զույգ կոպերի առաջացումն է, որը զտում է տեխնիկայի կողմից արտանետվող ավելցուկային լույսը:

Իհարկե, ապագայում մարդիկ հազիվ թե Մինդիի նման լինեն: Սակայն նրա անատոմիական փոփոխությունները չափազանցված են այն նպատակով, որպեսզի ավելի տեսանելի լինեն ամենօրյա տեխնոլոգիաների մեր օրգանիզմի վրա թողած ազդեցության գիտականորեն հիմնավորված խնդիրները: