Ընդամենը հաշվեք 5-ից 1-ը և սկսեք գործել. վայրկյանները կօգնեն համարձակություն ձեռք բերել կարևոր քայլ անելուց առաջ:
Հինգ վայրկյանի կանոնի համաձայն՝ դուք պետք է միայն հաշվեք հինգից մեկը՝ գործելու համար: Այնուհետև կարող եք նույնիսկ անել այնպիսի մի բան, որն անելու ցանկություն կամ մոտիվացիա նախկինում չունեիք:
Ինչպե՞ս է այն աշխատում
Հավանական է, որ այս կանոնը ձեզ կթվա անհնարին կամ ծիծաղելի: Հաշվել մինչև 5-ը և անել մտադրվա՞ծը: Թվում է, թե սա ամբողջովին անհեթեթ կանոն է, սակայն փորձառությունը ցույց է տալիս, որ դա այդպես չէ:
5 վայրկյանի կանոնի արդյունավետությունը բացատրվում է հետևյալ կերպ.
• 5 վայրկյան հաշվելը և ավարտելը ասոցացվում է գործողության մեկնարկի հետ: Երբ սկսում եք հաշվել 5-ից և հասնում եք 1-ին, ձեր ուղեղը դա ընդունում է որպես մեկնարի ազդակ: Եթե դուք հաշվելուց հետո ձեզ ասեք որևէ մոտիվացնող բառ՝ «առաջ», «գնացինք» և այլն, ապա ավելի վճռական կլինեք:
• Դուք փորձում եք չհակասել ինքներդ ձեզ և պահել սեփական խոստումները: Դուք վերցնում եք պատասխանատվություն՝ չխաբել մյուսներին և չխաբել ինքներդ ձեզ: Երբ ինչ-որ մեկին ասում եք, որ վաղ եք արթնանալու, փորձում եք անել հենց այդպես, հակառակ դեպքում ինքներդ ձեզ համարում եք ստախոս, անգամ, եթե դրա մասին ոչ ոք չիմանա:
Եթե դուք խոստանաք, որ կանեք ինչ-որ բան հաշվարկից անմիջապես հետո, ապա կանեք դա ինքներդ ձեզնից չհիասթափվլու համար:
Ինչպե՞ս կիրառել այս կանոնը
Դասական տարբերակը՝ արթնանալ զարթուցիչից հետո: Անընդհատ արթնանալու գործընթացը 5 րոպեով հետաձգելու փոխարեն պարզապես զարթուցիչի զանգից հետո հաշվեք 5-ը և արթնացեք:
Իրականում 5 վայրկյանի կանոնը կարող է օգնել ձեզ ցանկացած գործում: Օրինակ՝ փորձեք կիրառել այն, երբ.
• Զգում եք, որ այլևս չեք դիմանում և ցանկանում եք գոռալ որևէ մեկի վրա: Պարզապես հանգստացեք և հաշվեք մինչև 5-ը: Դրանից հետո ավելի թեթևացած կզգաք:
• Չեք կարողանում սկսել ինչ-որ նախագիծ: Պարզապես հաշվեք մինչ 5-ը, բացեք փաստաթուղթը և սկսեք գրել, օրինակ՝ ավարտական աշխատանքը, որը չեք կարողանում սկսել արդեն երկար ժամանակ:
• Վախենո՞ւմ եք զանգել ինչ-որ մեկին: Պարզապես վերցրեք հեռախոսը և զանգեք:
• Վախենո՞ւմ եք հերթագրվել բժշկի մոտ: Պարզապես հաշվեք մինչև 5-ը և ասացեք, որ ամենը անում եք ձեր առողջության համար:
Դուք կարող եք օգտագործել 5 վայրկյանի կանոնը ամենուր՝ թե՛ փոքր որոշումների ժամանակ և թե՛ մեծ նախագծեր սկսելիս:
Մի մոռացեք, որ ճանապարհի ամենադժվար մասը առաջին քայլն է: Հետո սովորում եք տեմպին և սկսում եք անել այն, ինչից նախկինում վախենում էիք: