18:38 , 25 հունիս, 2013
Ողջույն: Առաջիկա մի քանի րոպեն խոստումնալից է լինելու: Չե՞ս հավատում: Դե որ այդպես է, շարունակիր կարդալ և կծանոթանաս օրացույցների առեղծվածին:
Օրացույցը երկարատև ժամանակահատվածների հաշվարկի համակարգ է: Հիմքում ընկած են բնության երևույթները՝ ցերեկվա և գիշերվա, տարվա եղանակների հերթափոխությունը և Լուսնի փուլերի փոփոխությունը: Դրանց հիման վրա սահմանված են ժամանակի միավորներ՝ միջին արեգակնային օրը 24 ժամ է, սինոդական ամիսը` 29 օր 12 ժամ 44 րոպե և 3 վայրկյան, իսկ արևադարձային տարին ունի 365 օր 5 ժամ 48 րոպե և 46 վայրկյան:
Դե՞, շունչդ կտրվե՞ց: Գոտեպնդվիր, որովհետև շարունակում ենք: Դեռ շատ բան պիտի բացահայտենք:
Այս երեք մեծություններն անհամաչափելի են, որի պատճառով անհնար է գտնել այնպիսի ամբողջ թվով տարիների քանակ, որը պարունակի նույնատիպ ամիսներ և օրեր: Այդ դժվարությունները հաղթահարելու նպատակով տարբեր ժողովուրդներ ստեղծել են 3 տիպի օրացույցներ՝ լուսնային, լուսնա-արեգակնային, արեգակնային:
Հետաքրքի՞ր է, չէ՞: Իսկ այժմ տեղափոխվենք Հին արևելյան օրացույցների պահախցիկ: Տեսնենք՝ այնտեղ ինչեր են թաքցրել:
Օրինակ` գիտեի՞ք, որ հին եգիպտական օրացույցում տարին բաժանված է 3 եղանակի, որոնցից յուրաքանչյուրն ունի 4 ամիս: Առաջինը Ջրառատությանն է, որը նաև Ախետ են անվանում: Վերջինս տևում է հուլիսի կեսից մինչև նոյեմբերի կեսը: Երկրորդը Ծագման ու Բարձրացման եղանակն է, որը կոչվում է Պերետ: Նոյեմբերի կեսից մարտի կեսն ընկած հատվածը հենց այս եղանակն է ընգրկում: Իսկ երրորդ «հորիզոնականում» մեզ սպասում է Երաշտի եղանակը՝ մարտի կեսից հուլիսի կեսը:
Ամիսներն ունեցել են այս անունները.
1. Տոտ
2. Պաոֆի
3. Խատիր
4. Խոյակ
5. Տիբի
6. Մեհիր
7. Ֆամենտ
8. Ֆարմուտի
9. Պահոն
10 Պաինի
11. Էպիֆի
12. Մեսորե
Ահա և բացահայտեցինք հին եգիպտական օրացույցի առեղծվածը: Մեր հաջորդ ուղևորությանը Ձեզ կներկայացնենք շումերական օրացույցը: