ԱԺ նախագահն առաջարկեց Վահե Գրիգորյանի պնդումների վերաբերյալ հարցերը տալ կառավարությանը


16:10 , 28 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Կան նորմեր, կարգավորումներ, որոնք, փաստորեն, պետք է ուժի մեջ մտնեն ոչ թե 2019-ին. 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ` որոշ դեպքերում նաև 2035-ին կամ 2037-ին կլինի ՍԴ անդամների ընտրություն. ԱԺ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ըստ նրա` սակայն այս դեպքում էլ ողջախոհության հարց է ծագում: «Այդ ինչպե՞ս եղավ, որ Սահմանադրություն եք ընդունում, ու այսքան տարի հետո է ուժի մեջ մտնում: Մի խոսքով` անվստահությունը կա… Մի կողմից կա տառացի մեկնաբանություն, որը խոցելի է դարձնում այդ ամբողջը, մյուս կողմից էլ, եթե ընդունենք, որ սա տառացի է, ըստ էության, բովանդակային հարցեր էլ կան Սահմանադրական դատարանին ուղղված, և սրանք լուրջ հարցեր են»,- նշեց Միրզոյանը:

Նրա խոսքով` հասարակությունն այն մարմնի նկատմամբ, որը կոչված է վերջնական լուծում տալ բոլոր ինստիտուտների միջև վեճերին, հասարակական վստահություն չկա: «Այսինքն, ակնհայտ է`ունենք խնդիր` անկախ մեկնաբանությունից, և բոլորս պիտի այդ խնդրի հանգուցալուծմամբ զբաղվենք: 3 տարբերակ է մատնանշվում Վահե Գրիգորյանի նամակում: Չեմ կարող ամբողջությամբ մեջբերել, որովհետև շատ ծավալուն փաստաթղթի մասին է խոսքը: Կարծում եմ` նույնիսկ ճիշտ կլինի, որ Վահե Գրիգորյանը հանրայնացնի այս նամակը, որովհետև, ի վերջո, մեծ թվով քաղաքացիների է ուղղված այս նամակը: Փաստարկելով և հիմնավորելով ճգնաժամի գոյությունը, եթե պայմանական ասեմ, Վահե Գրիգորյանը լուծման 3 տարբերակ է տեսնում` սկսած առկա իրավիճակի ամրագրումից մինչև փոփոխությունների, հանգուցալուծումների այս կամ այն տարբերակներ»,- նշեց ԱԺ նախագահը:

Միրզոյանի խոսքով` ինքը չի կարող ասել` ինչ է լինելու ապագայում: «Ես չեմ կարող ասել`ինչ է լինելու դատավորը, ինչ է լինելու անդամը: Ես կարող եմ ասել, որ արձանագրենք, որ կա անորոշություն, որն առնվազն այն կետն է, որ բոլորը համամիտ են:  Մենք կարիք ունենք ինչպես լայն հանրության շրջանում, այնպես էլ մասնավորապես դատարանի կազմությանը  մասնակցող մարմինների շրջանակներում` Դատարանների ընդհանուր ժողովը, Ազգային ժողովը, այս մարմինների շրջանակում լայն քննարկում ծավալել, որպեսզի հասկանանք` մեր երկիրն այս ճգնաժամից ինչպես է դուրս գալու»,- նշեց նա:

Դիտարկմանը` Վահե Գրիգոոյանի պնդմամբ այս պահին ՍԴ-ում 2 դատավոր է, Միրզոյանը պատասխանեց. «Կառաջարկեի` գնալ ու հարցնել Կառավարությունից»:

Իսկ հարցին` եթե Հրայր Թովմասյանը հայտարարի, որ հեռանում է, ճգնաժամը կհանգուցալուծվի, ԱԺ նախագահը արձագանքեց. «Ըստ ամենայնի`ոչ:  Հրայր Թովմասյանի անձով չի պայմանավորված ճգնաժամը: Ես խոսում եմ ինստիտուտի նկատմամբ անվստահության մասին, այդ ինստիտուոտւմ տարիներ շարունակ ներգրավված մարդկանց մասին, այդ թվում, որոնք ակնհայտորեն ավելի են քան այդ մեկ հոգին, և այդ մեկ հոգին Հրայր Թովմասյանն է»: