Միջազգային մասնագետների ելույթները` «Fashion Forum Yerevan»-ի շրջանակներում


15:45 , 28 հունիս, 2019

Այս օրերին Երևանը վերածվել է նորաձևության մի մեծ հարթակի. մեկնարկել է «Fashion Forum Yerevan 2019»-ը, որը եզակի հնարավորություն է պարզապես մասնակից լինելու այս մասշտաբային միջոցառմանը: BlogNews.am-ն արդեն ներկայացրել է միջոցառման բացումը:

Ֆորումի շրջանակներում երկու օր «Թումո» կենտրոնում ելույթ ունեցան Հայաստան ժամանած միջազգային փորձագետները` Լուկա Ռիցին՝ Pitti Immagine վերապատրաստման և խորհրդատվական ծրագրի ղեկավարը, Յուլիա Վիդոլոբը՝ The Blueprint ամսագրի գլխավոր խմբագիրը, Հիլարի Ալեքսանդրը՝ Daily Telegraph-ի նորաձևության տնօրենը, Իվան Ռոդիչը՝ Street style լուսանկարիչ, ոճաբան, Անտոնիո Մանչինելին՝ Maria Claire Italia ամսագրի գլխավոր խմբագիրը, և այլք:

Այս տարի ֆորումն ունի կոնցեպտուալ մոտեցում՝ ներկայացնել հայկական մշակույթը և ցույց տալ միջազգային փորձագետներին մեր հին մշակույթը ձեռագործ աշխատանքների հիման վրա: Ֆորումի թեմաներից են՝ մշակութային ժառանգության պահպանումը, տարազի ներկայացում, նորաձևություն և քաղաքականություն, բիզնես ստեղծում՝ տեղականից մինչև միջազգային:

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը կազմակերպում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Լուսանկարները` Էլեն Գասպարյանի