Ոչ ոք չի կարող քեզ բնութագրել ավելի լավ, քան քեզ հետ ճանապարհ անցած մարդը


13:10 , 28 հունիս, 2019

Alternativ.am-ը գրում է.

Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, չկան հավերժական թշնամիներ ու հավերժական բարեկամներ. կան հավերժական շահեր: Մարդը, ում հետ ճանապարհ ես անցնում այսօր, կարող է քո իսկ դեմ ուղղված ավերիչ զենք դառնալ վաղը՝ բացահայտելով քեզ հետ կապված թաքնված աշխարհը, որը, քեզ թվում էր, միայն դու գիտես:

Հայաստանյան ներկայիս իրականության մեջ մի օրգանիզմի երկու կենսական օրգանների նման փոխկապակցված են Լևոն Տեր-Պետրոսյան և Նիկոլ Փաշինյան անունները: Գործող վարչապետին հաճախ են անվանում առաջին նախագահի հոգեզավակը, նրա վաղեմի ցանկությունների ի կատար ածման միջոցը:

Սակայն Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի «ջուրը միշտ նույն առվով չի հոսել»: Տարիների ընթացքում քիչ չի եղել, երբ այս երկուսի ճանապարհները չեն հատվել, և այդ ժամանակ նրանք չեն կորցրել առիթը՝ մեկը մյուսի վրա ցեխ շպրտելու:

2017թ. Տեր-Պետրոսյանի Ilur.am կայքի լրագրող Լիզա Ճաղարյանը (ով ներկայումս առիթը բաց չի թողնում գովերգելու վարչապետի և կառավարության ամեն մի քայլը և ցեխ շպրտելու նախորդ իշխանությունների վրա), «Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը» վերտառությամբ հոդվածում, որը վստահաբար գրվել է առաջին նախագահի պատվերով կամ իմացությամբ, քարը քարի վրա չի թողնում Նիկոլ Փաշինյանից՝ բացահայտելով նրա իրական կերպարը, որը ջանասիրաբար միշտ թաքցվել է և այժմ էլ փորձ է արվում կոծկել հանրության լայն շերտերից: 

Մասնավորապես, Փաշինյանին Ճաղարյանը բնութագրում է հետևյալ բառերով. «…ոչ ոք չի կարող ոտք մեկնել իր իսկ հայտնած տեսակետները գլխիվայր շրջելու, սեւով սպիտակի վրա գրած իր իսկ տեսակետները հերքելու, իր իսկ անցած ճանապարհը թքոտելու, աջուձախ աղբ թափելու, որտեղ ոտք դնի՝ այնտեղ պառակտման ցեցը գցելու այս պարոնի «տաղանդի» հետ…»:

Հոդվածագիրն անդրադառնում է նաև այն մարդկանց, ովքեր հավատում են Փաշինյանին. «Մեղքն իրենց վիզը. երբ որ մի օր գլուխներն ապշահար կբռնեն ու կասեն. «Աստվա՜ծ իմ, էս մարդն ախր ոչ մի սրբություն չունի», ի՛նքս այդ մարդկանց չեմ ցավակցի, որովհետեւ պարտադիր չէ, որ ստորությունն անձամբ ձեր նկատմամբ աներ, որ հասկանայիք՝ այո՛, էս մարդը սրբություն չունի ու տրորելով կանցնի հարյուրավոր գլուխների վրայով, միայն թե ինքը հնարավորություն ունենա ամբիոնի մոտ կանգնելու ու սեփական անփոխարինելիությունը բղավոցներով «հաստատելու»։ 

Խոսելով Փաշինյանի բռնակալական հակումների մասին՝ Ճաղարյանը գրում է, որ «Նիկոլին ճանաչողները հրաշալի ծանոթ են նրա բռնակալական հակումներին»: Բացատրելով Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ ժողովրդավար երեւալու ջանքերը՝ հոդվածագիրն ասում է, որ դրանք ընդամենը տվյալ պահին հույժ անհրաժեշտ միջոցներ են՝ միամիտներից ձայն փախցնելու համար:

Փաշինյանի անձի վերոնշյալ բնութագիրը կատարյալ է. չէ՞ որ գրված է մի մարդու կողմից, ով իրեն շատ լավ է ճանաչում, և, հավանաբար, մի մարդու հանձնարարությամբ, ում Փաշինյանը պարտական է քաղաքական ուղու (լավ կամ վատ) կառուցման համար:

Նմանատիպ հոդվածների ներկայումս ականատես չենք լինի: Չէ՞ որ այժմ Նիկոլ Փաշինյանը գործում է առաջին նախագահի շահերից, կատարում է այն, ինչ ժամանակին չի հասցրել անել առաջին նախագահը, այն, ինչ իշխանությունից հեռանալուց հետո այս տասնամյակների ընթացքում կուտակվել է Տեր-Պետրոսյանի հոգում:  

Հիմա արդեն Փաշինյանը բռնապետ չէ, սուտասան չէ, պառակտման ցեց գցող չէ, բայց եթե հանկարծ մի բան այնպես չգնաց, վաղը մյուս օրը էլի կարող է դառնալ…