Թբիլիսիում 8-րդ օրն է` բողոքի ցույցեր են ընթանում


23:30 , 27 հունիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թբիլիսիում 8-րդ օրն է` բողոքի ցույցեր են ընթանում: Հերթական բողոքի ցույցի կազմակերպման վայրն անփոփոխ խորհրդարանի դիմաց է: Ցուցարարները պահանջում են  երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը: 

Հունիսի 20-ին մեկնարկած հանրահավաքի ժամանակ ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո հատուկջոկատայինները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով 240 մարդ վիրավորվել էր: Բացի այդ, 305 մարդու բերման էին ենթարկել:

Զանգվածային ցույցերի պատճառ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ վրաց խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: Հունիսի 20-ին վերջինս Թբիլիսիում բացում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որի նախագահն է հանդիսանում: