Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են բեռնատար ЗИЛ-ն ու Volkswagen Golf-ը. ЗИЛ-ը կողաշրջվել է (Photo)


16:10 , 26 հունիս, 2019

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սուրեն Հարությունյաի վարած ГАЗ 53 մակնիշի 621 ԼՍ 18 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 29 ՍԼ 030 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել մետաղյա խողովակներով, կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի գլխավորությամբ:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազորի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը:

Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Աբովյանի հիվանդանոցի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաև ЗИЛ-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվեց հիվանդանոց մեկնելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: