Ռեկորդային տապ է սպասվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում


22:00 , 25 հունիս, 2019

Տապը, որը քամիները Եվրոպա են բերել Սահարայից, մինչև շաբաթվա վերջը կարող է ռեկորդային ցուցանիշների հասնել Ֆրանսիայում, Գերմանիայում և Բելգիայում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Տապի բարձրակետն այս երկրներում սպասվում է հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ հունիսի 27-ին և 28-ին:

Բելգիայում առավելագույն ջերմաստիճանը հասնում է, ըստ Ցելսիուսի, 35 աստիճանի: Բացի սովորական հանձնարարականներից՝ իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել հասարակական վայրերում, որտեղ օդափոխիչներ են տեղադրված՝ ներառյալ առևտրի կենտրոնները, թանգարանները և գրադարանները:

Ինչպես հայտնել են Օստենդ բելգիական առողջարանային քաղաքի քաղաքապետարանում, շոգ եղանակի կապակցությամբ իշխանությունները ժամանակավոր արգելք են սահմանել ձիերի սայլակառքերով հանգստացողների զբոսնելու վրա:

Համանման պահանջ է դրվել Բրյուգեում և Անտվերպենում, որոնք ամառային ամիսներին ընդունում են բազմաթիվ զբոսաշրջիկների: