Պլյուս չափի մոդելն արտասվել է կարդալով իր բիկինիով լուսանկարների մեկնաբանությունները


20:20 , 25 հունիս, 2019

Իռլանդացի պլյուս չափի մոդել Իրենա Դրեզին խոստովանել է, որ արտասվել է, երբ տեսել է Instagram-ի օգտատերերի մեկնաբանություններն իր լուսանկարի վերաբերյալ, որում բիկինի է կրում, հայտնում է The Sun-ը։

Դրեզին նկարահանվել է PrettyLittleThing առցանց խանութի գովազդային արշավում, որում լուսանկարիչները չեն խմբագրել մոդելի մարմինը, և դա հիացրել է գնորդներին։

«Անհավանական է։ Մեկնաբանությունների 90 տոկոսը դրական էր։ Անկեղծ ասած՝ ես արտասվեցի։ Աղջիկներն ինձ բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկել՝ ներկայացնելով իրենց պատմությունները։ Նրանք հիշում են ինձ ու փողոց դուրս գալիս տոպով, նրանք այլևս չեն վախենում ցույց տալ իրենց ձեռքերը»,- նշել է մոդելը։ Դրեզիի խոսքով՝ այսպիսի արդյունքն իրեն հույս է ներշնչել, որ իսկապես օգնում է մարդկանց։

22-ամյա մոդելի խոսքերով՝ նա ամբողջ կյանքում բարդույթավորված է եղել կազմվածքի պատճառով, իրեն մշտապես համեմատել է սլացիկ կազմվածք ունեցող հասակակիցների հետ, ամաչել ու մարմինը թաքցրել է լայն հագուստի միջոցով։ «Դա այն է, ինչ կործանում է ձեզ։ Ի վերջո բոլոր մարդիկ տարբեր են։ Ոչ ոք պարտավոր չէ մյուսին նման լինել»,- եզրափակել է մոդելը։