Իրանագետի կարծիքով` ԱՄՆ-ն ցանկանում է պարտադրել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ


19:40 , 25 հունիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են մնալ լարված, ու կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ, Իրան-ԱՄՆ հարցերով փորձագետ Գոհար Իսկանդարյանը:

Նա նշեց, որ Իրանի կողմից ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի խոցումից հետո ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ռազմական գործողություններ սկսել Իրանում, սակայն վերջին պահին նախագահ Դոնալդ Թրամփը  մտադրությունը փոխել է՝ նշելով, որ անհամաչափ է լինելու հարվածը:

«Կան այլ տեսակետներ. ակնհայտ է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը Թրամփին, որ եթե եղավ նման բան, տարածաշրջանը պարզապես վառվելու է կրակների մեջ և  չեն կարողանալու խնդիրը լուծել: Կարծում եմ, որ Թրամփը որոշել է սպասել: Հունիսի 28-29-ին Ճապոնիայում տեղի է ունենալու G-20-ի հանդիպումը, և արդեն նախանշված է հանդիպումների օրակարգը: Այս հանդիպումների ժամանակ օրակարգում լինելու է նաև Իրանի հարցը և քննարկվելու է, թե ինչպես երկու երկրների միջև լարվածությունը թուլացնել, որովհետև տեսնում ենք՝ ավելի ու ավելի է թեժանում խնդիրը և կարիք կա որոշակի չափով հանդարտեցման»,- ասաց Իսկանդարյանը:

Իրանագետի կարծիքով` ԱՄՆ-ն ամեն գնով  ցանկանում է նստեցնել Իրանին  բանակցությունների սեղանի շուրջ:

«Նրա վարքագիծը ցույց է տալիս, որ  ավելի շատ պարտադրանքի ուժով են փորձում նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:  Իմ համոզմամբ`  Իրանը ևս ցանկանում է բանակցությունների միջոցով  հարթել խնդիրները, բայց ոչ թե պարտադրանքով և սադրանքներով, այլ որոշակի փոխզիջումների միջոցով նստել և հասկանալ, թե ինչ խնդիրներ կան Իրանի և  Միացյալ Նահանգների միջև, ինչպես պետք է հանգուցալուծումները գտնել: Կարծում եմ, որ բանակցությունները երկու կողմերին էլ ձեռնտու է»,- ասաց Իսկանդարյանը:

Իրանագետը կարծում է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից ընդառաջ Թրամփի համար նպաստավոր չէ ռազմական լուրջ խնդիրների  մեջ ներքաշվել, եթե անգամ որոշակի հաջողություններ ունենա Իրանում:

«Իմ համոզմամբ`  ընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփի ձեռքերը ավելի ազատ են լինելու և այն ժամանակ կարող ենք ականատես լինել կետային հարվածների Իրանի ուղղությամբ»,- եզրափակեց Իսկանդարյանը: