Պրոադրբեջանական պատվիրակների հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը հերթական դեմարշն արեց ընդդեմ Ռուսաստանի


15:36 , 25 հունիս, 2019

ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի թիմը հերթական դեմարշն արեց ընդդեմ Ռուսաստանի: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ մեր պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց Ռուսաստանին ԵԽԽՎ վերադարձնելու բանաձևին, որն ընդունվեց, իսկ իշխող խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Հետո արդեն, երբ բանը բանից անցել էր, Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե ինքը «սխալմամբ է դեմ քվեարկել», իսկ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ դա իր սկզբունքային դիրքորոշումն է, որ Ռուսաստանը պետք է պատժվի «Ղրիմի անեքսիայի» համար, և պետք է սանկցիաները շարունակեն գործել:

Իսկ իրականությունը Ռուբինյանի մասով երևի լրիվ այլ է: Մեր ունեցած տեղեկություններով՝ ուկրաինական պատվիրակության ղեկավար Վոլոդիմիր Արիևը, ով նաև պրոադրբեջանական հայտնի զեկույցի հեղինակն էր, որով Արցախին հարակից տարածքները հռչակվում էին «Ադրբեջանի օկուպացված տարածքներ», և վրացական պատվիրակության անդամ Դավիթ Բաքրաձեն, ով Սաակաշվիլիի թիմի ներկայացուցիչն է, առանձին հանդիպում են ունեցել Ռուբեն Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի հետ մինչ քվեարկությունը ԵԽԽՎ բացօթյա սրճարանում: Արիևի ու Բաքրաձեի և Ռուբինյանի ու Իգիթյանի հանդիպումը, ըստ ամենայնի, հենց առանցքային նշանակություն է ունեցել մեր պատվիրակության իշխող թևի պահվածքում, չէ՞ որ «հայկական հեղափոխության արժեքները» միշտ էլ լավ «կուտ են» ՔՊ-ականների համար, ու հիմա բոլորը գիտեն դրա մասին: Արիևն ու Բաքրաձեն մեր քայլարածներին համոզել են, որ եթե դեմ չքվեարկեն, ապա ողջ Եվրոպան կհասկանա, որ հայկական հեղափոխությունը բանի պետք չէր: Ռուբինյանն ու Իգիթյանն էլ «հանուն հեղափոխության միջազգային հեղինակության» գործել են պետական շահերի դեմ և դարձել Ռուսաստանի դեմ հերթական դեմարշի հեղինակը: Ահա այսպիսի թավշյա հիմարություններ: