ԱՄՆ-ում բռնցքամարտի առաջին շոուի հիմնադիրը հայուհի Հրանուշն էր


21:00 , 25 հունիս, 2019

ԱՄՆ-ում գիրք է հրատարակվել «Madame Bey’s: Home to Boxing Legends» (Մադամ Բեյի տունը բռնցքամարտի լեգենդների համար) խորագրով, որը պատմում է 20-րդ դարի 40-ական թվականների Ամերիկայի ամենահայտնի բռնցքամարտի ակումբի և դրա հիմնադրի՝ հայ ներգաղթյալ Հրանուշ Բեյի մասին։ Այս մասին գրում է New Jersey Hills պարբերականը։

«Այս գիրքը նվիրված է նախորդ հարյուրամյակի ամենահայտնի բռնցքամարտի ակումբներից մեկին, որը Ամերիկայում առաջինն էր, որտեղ վայրի մարտեր սկսեցին անցկացվել պրոֆեսիոնալների միջև։ Ակումբը գտնվում էր Նյու Ջերսի նահանգի փոքրիկ Չաթեմ-Թաունշիփ քաղաքում, իսկ դրա այցելուներն այն ժամանակների ամերիկյան բռնցքամարտի լեգենդներն էին՝ Ջեք Ջոնսոնը, Շուգար Ռեյ Ռոբինսոնը, Ջեք Ջեմփսեյը և այլք»։

Ամերիկյան պարբերականի հոդվածում նշվում է, որ ակումբի հիմնադիրը, որի տարածքն օգտագործվում էր նաև որպես սպորտսմենների համար մարզումների կամպուս, հայուհի Հրանուշ Բեյն էր։

«Հրանուշ Բեյը քրիստոնյա հայուհի էր։ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ փրկվելով թուրքերի ձեռքից՝ նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ամերիկա և հիմնվել Չաթեմ-Թաունշիփում։ Բռնցքամարտի աշխարհում Հրանուշը պատահաբար է հայտնվել՝ օգնելով իր հարևաններից մեկին կազմակերպել տեղի առողջապահական ակումբի աշխատանքները»։

«Madame Bey’s: Home to Boxing Legends» գրքում բազմաթիվ արխիվային նյութեր ու թերթերի հրատարակություններ կան, ինչպես նաև լուսանկարներ, որտեղ արտացոլված են այն ժամանակների վայրի մարտերը։ Կան նաև Հրանուշի անձնական արխիվից նյութեր։