Օգտվեք ամառվա բարիքներից


07:44 , 25 հունիս, 2019

Ամառն ամենաբարենպաստ եղանակն է ձեր առողջությանը հետեւելու համար: Մորին կամ վայրի ելակը հարուստ է B խմբի վիտամիններով:

Օրգանիզմում այս վիտամինի բացակայության պատճառով սակավարյունություն է առաջանում:

Այն օգտակար է նաեւ սրտանոթային հիվանդություններ ունեցողներին:
Մորին նվազեցնում է խոլեստերինի պարունակությունն օրգանիզմում:

Հատապտուղներից ամենաօգտակարն է համարվում:

Ելակը վիտամին C-ի մեծ աղբյուր է. ելակի մեջ այս վիտամինի պարունակությունն ավելի է, քան նարնջի մեջ:

Ելակը պարունակում է կալիում, որը արյան ճնշման իջեցման համար անհրաժեշտ է, ինչպես նաեւ` երկաթ, յոդ, ֆտոր, պղինձ:

Մորուց եւ նրա տերեւներից ջրով պատրաստված եփուկը կարգավորում է նյութափոխանակությունը, արյան ճնշումը, նվազեցնում է ուռուցքների առաջացման ռիսկերը:

Թարմ մորին օգտակար է գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում, նպաստում է երիկամների քարերի հեռացմանը, բնական միզամուղ է համարվում:

Մորու տերեւներից պատրաստված թեյն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Ելակը բարձրացնում է տրամադրությունը, պայքարում է անքնության դեմ, հակադեպրեսիվ միջոց է համարվում:

Այս պտուղը լավացնում է նաեւ մաշկը:
Ելակով դիետաների բազմաթիվ տեսակներ տարածված են Եվրոպայում, քանի որ այն, չնայած հարուստ վիտամիններին, շատ քիչ կալորիա է պարունակում:

Նիհարելու համար, օրինակ, խորհուրդ է տրվում ելակն ուտել կեֆիրի հետ, առանց շաքարի:

Ամռանը փորձեք օրական ուտել առնվազն 1 թեյի բաժակի չափով ելակ, մորի: Խուսափեք արհեստական` հորմոններով աճեցված, «չաղ», խոշոր ելակից, կերեք փոքրիկ, տեղական տեսակը:

Այն ավելի համեղ է եւ օգտակար:
Ելակը եւ մորին կարող եք երկար պահպանել սառեցման ճանապարհով: Այդպիսով պահպանվում են վիտամինները:

Թարմ ելակի տերեւները կարող եք չորացնել մութ, օդափոխվող վայրում:

Մորու երիտասարդ տերեւներից թուրմ պատրաստելու համար 2 բաժակ եռացրած ջրի մեջ ավելացրեք 1 ճաշի գդալ չորացրած տերեւներ, կես ժամ պահեք-սառեցրեք եւ խմեք:

Որոշ մարդիկ մորուց եւ ելակից ալերգիա են ունենում. նման դեպքերում պետք է ուշադիր լինել եւ քիչ ուտել, այն էլ` կաթնամթերքի հետ` կաթնասերի, յոգուրտի, կեֆիրի:

Չի կարելի մորի կամ ելակ օգտագործել հղիության ժամանակ, բարձր թթվայնությամբ գաստրիտի եւ կույր աղիքի քրոնիկական ցավերի դեպքում, քանի որ այն շատ ալերգիկ է:

Դեղամիջոցներ ռադիկուլիտի համար

- Սեւ բողկը անցկացնել քերիչով, քսել բամբակե կտորի վրա, դնել ցավող հատվածին եւ անպայման փաթաթել հաստ շալով։ Կրկնել մի քանի օր շարունակ։

- Վերցնել կոթուկի տերեւը, թրջել սառը ջրով, հակառակ կողմով դնել ցավող հատվածի վրա եւ կապել։

- 100 գ կերակրի աղը լուծել 1 լիտր տաք ջրի մեջ, թանզիֆը՝ մի քանի տակ ծալած, թրջել այդ տաք լուծույթով եւ արագ դնել ցավող հատվածին։ Այնուհետեւ կապել տաք շալով եւ թողնել ամբողջ գիշեր։

- Քերիչով անցկացնել կարտոֆիլը, ավելացնել քացախ` 7։1-ի հարաբերությամբ, դնել ցավող հատվածի վրա այնքան ժամանակ, մինչեւ զանգվածը չորանա։

Վարունգով դեղամիջոցներ

- Բարձր ջերմության դեպքում խորհուրդ է տրվում խմել 1 բաժակ վարունգի հյութ։

Իսկ հազի դեպքում վերցնել 2 ճաշի գդալ վարունգի հյութը, ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ օրական 2-3 անգամ խմել։

Կոլիտի դեպքում (հաստ աղիի բորբոքում) խորհուրդ է տրվում սոված փորին 100 գ քերած վարունգ ուտել, այնուհետեւ 40 րոպե ոչինչ չուտել եւ չխմել։

- Թարմ վարունգի հյութը կես լիմոնի հյութի հետ խառնել եւ քսել դեմքի պեպենների վրա։

- Պարանոցի կնճիռների համար 100 գրամ վարունգի հյութը, 100 գրամ գազարի հյութը եւ 50 գրամ նեխուրի հյութը իրար խառնել եւ թրջոցներ դնել քնելուց 1 ժամ առաջ։

- Վարունգը մանր քերիչով անցկացնել, հյութի հետ միասին լցնել սառույցի ամանների մեջ եւ դնել սառնարանը: Ամեն առավոտ մի սառցաբեկոր վերցնել եւ դրանով մերսելով մաքրել դեմքը:

Օգտակար խորհուրդներ

Այտուցների դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ բուսական խառնուրդները, որոնք ունեն միզամուղ հատկություն եւ նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը:

- Հավասար քանակությամբ գազարի եւ մաղադանոսի սերմերը փոշիացնել, եփել կաթի մեջ (1 բաժակ կաթին` 2 ճաշի գդալ փոշի), քամել:

Ընդունել օրվա մեջ 1 բաժակ առավոտյան, քաղցած վիճակում:

- Արջախաղողի տերեւներ` 3 բաժին, կապույտ տերեփուկի ծաղիկներ` 1 բաժին, մատուտակի արմատներ` 1 բաժին:

Մանրացնել, խառնել: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, քամել: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` անկախ սննդի ընդունումից: