ԱՄՆ նոր պատժամիջոցների թիրախում են հայտնվել Խամենեին, Իրանի ԱԳ նախարարը և ԻՀՊԿ հրամանատարները


05:30 , 25 հունիս, 2019

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ սև ցուցակում են հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարները, Իրանի հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը:

Նախարարության հաղորդմամբ՝ Զարիֆի «միլիարդավոր» իրանական ակտիվները կարգելափակվեն:

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով արգելափակվում են իրանական միլիարդավոր ակտիվները:

Նրա խոսքերով, ԻՀՊԿ 8 հրամանատարներ, որոնք «նստած են բյուրոկրատիայի բարձունքին, ևս հայտնվել են պատժամիջոցների թիրախում»:

Բացի այդ, ԱՄՆ ֆիննախի հաղորդմամբ՝ Թրամփի հրամանագրով սև ցուցակում կհայտնվեն անձինք, որոնք բարձր պաշտոնների են նշանակվել հոգևոր առաջնորդի կողմից: Սև ցուցակում են նաև ֆինանսական հաստատությունները, որոնք նրանց օգնում են ֆինանսական գործարքներ կատարել:

Նշվում է, որ Զարիֆի դեմ պատժամիջոցները կսահմանվեն այս շաբաթվանից ոչ ուշ: