Պատմական կանխատեսումներ, որոնք իրականացել և շարունակում են իրականանալ


04:09 , 25 հունիս, 2019

Երբեմն մեզ թվում է, որ պատմությունը և զարգացումն անկանխատեսելի են, սակայն պատմությանը հայտնի են մի շարք անհատներ, ովքեր կարողացել են գուշակել պատմական մի շարք իրադարձություններ։

3 նմանատիպ գուշակությունների մասին էլ մենք կպատմեք ձեզ այս հոդվածում։

Տիտանիկ

«Տիտանիկի» կործանումից 14 տարի առաջ ամերիկացի գրող Մորգան Ռոբերտսոնը հրատարակել էր իր «Ապարդյուն» գիրքը, որտեղ նա նկարագրել էր «Տիտան» անվանումով հսկայական մի նավի կործանում։ Վեպը մարգարեական դարձավ, քանի որ նկարագրված բոլոր իրադարձություններն անհավատալի ճշգրտությամբ կրկնվեցին «Տիտանիկի» կործանման ժամանակ։

Վեպի մեջ նկարագրվող անխորտակելի «Տիտան» նավը խորտակվում է Ատլանտյան օվկիանոսում այսբերգի բախվելու պատճառով։ Հեղինակն իր ստեղծած նավը բնակեցրել էր հիմնականում հարուստ մարդկանցով, իսկ նավի վրա կար ամեն ինչ՝ բացի ամենակարևորից՝ փրկարարական նավակներից։ Այս ամենը, ինչպես նաև բազում այլ մանրուքներ անհավատալի ճշգրտությամբ կրկնվել են «Տիտանիկի» վրա։

«Տիտանիկի» կործանումից հետո «Ապարդյուն» վեպի հեղինակը ճանաչվել է 20-րդ դարի հզորագույն մարգարեներից մեկը։

Միջուկային զենք

Ֆանտաստ գրող Հերբերթ Ջորջ Ուելսը հայտնի է մի շարք ճշգրիտ կանխագուշակումներով, որոնք վերաբերում էին գիտատեխնիկական ոլորտին։ Իր գրքերում նրան հաջողվել է նկարագրել լազերը, դեպի Լուսին կատարված թռիչքը, որն իրականություն է դարձել նրա նկարագրելուց երկար ժամանակ անց։ Սակայն առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ դեռևս 1914 թվականին գրողին հաջողվել է նկարագրել ատոմի ճեղքումը և միջուկային զենքի ստեղծումը։ Հենց այս թվականին է հրատարակվել նրա «Ազատագրված աշխարհ» վեպը, որտեղ մանրակրկտորեն նկարագրվել է միջուկային զենքի ստեղծման գործընթացը և նրա օգտագործումը։

Wi-Fi

Սերբ և ամերիկացի գյուտարար և ինժեներ Նիկոլո Տեսլան հսկայական ներդրում է ունեցել գիտության մեջ, և հաճախ նրան անվանում են մարդ, ով հորինել է 21-րդ դարը։ Տեսլան հաճախ էր պատմում այն մասին, թե ինչպիսին է պատկերացնում ապագան, և ինչպիսի հայտնագործությունների պետք է ձգտել։ 1909 թվականին «Նյու Յորք Թայմսին» տված իր հարցազրույցում նա պատմել է ապագայի տեխնոլոգիաների մասին, որոնց մեջ խոսք է գնացել այնպիսի ռադիոալիքների մասին, որոնք յուրաքանչյուր մարդ կարող է ընդունել։ Սրանով նա բավականին ճշգրիտ կերպով նկարագրել է ժամանակակից անլար ինտերնետի աշխատելու սկզբունքները։ Ավելի ուշ՝ 1926 թվականին, Տեսլան կանխատեսելլ է նաև անլար տեսազանգերի ստեղծումը։