«Աբսուրդ» կամ, որ նույնն է, Սահմանադրության մեկնաբանությունը՝ ըստ Վահե Գրիգորյանի


22:18 , 24 հունիս, 2019

Վերջին օրերին պարզվեց, որ ինքնահռչակ ոմն Վահե տիրապետում է մինչ այս իրավագիտությանն անհայտ իրավական ակտերի մեկնաբանության նոր մեթոդի, որը կարելի է անվանել տխմարամեկնաբանություն կամ աբսուրդ:

Փորձենք այս նոր մեթոդը կյանքի կոչել՝ տալով երեք տխմարամեկնաբանություն՝ կառավարության հետ կապված:

Տեսնենք, թե ինչ է սահմանված ՀՀ Սահմանադրության 147 և 148 հոդվածներում:

Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը

1. Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
2. Նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: 

Հոդված 148. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները

1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Հա ի՞նչ՝ կասի քիչ թե շատ նորմալ իրավաբանը, բայց նման բան չի ասի Վահե Գրիգորյանը:
Տեսեք, պարզվում է, որ մենք ունենք մի կողմից վարչապետ, փոխվարչապետ և նախարարներ և միաժամանակ ունենք կառավարության անդամներ: Ուշադրություն դարձրեք, մենք մեր Սահմանադրության մեջ որևէ տեղ չունենք, որ վարչապետը, փոխվարչապետը և նախարարները կառավարության անդամներ են, ուստի, հետևելով Վահեի տխմարամեկնաբանության մեթոդին, կարելի է հանգել հետևյալ եզրահանգման` վարչապետի, փոխվարչապետի նախարարների վրա որևէ սահմանափակում չի կարող սահմանվել, այս սահմանափակումները պահանջները սահմանվում են կառավարության անդամների համար:

Սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն՝

1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Ուզում եմ հիշեցնել, որ, համաձայն տխմարամեկնաբանության, փոխվարչապետերը, նախարարները կառավարության անդամներ չեն, դրա մասին չկա որևէ տեղ գրված, ուստի հարց է առաջանում՝ ո՞ր իրավական հիմքով է վարչապետը համակարգում նախարարների գործունեությունը, արդյո՞ք վարչապետը չի խախտում Սահմանադրությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Կառավարության անդամներն իրավասու են ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Ուշադրություն դարձրեք՝ կառավարության անդամները, ոչ թե նախարարները: Ուստի, ըստ տխմարամեկնաբանության, բոլոր նախարարներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել իշխանության վերազանցման պատճառով, նրանք բոլորը խախտում են օրինականության սկզբունքը:

Վերջապես՝ Սահմանադրության 158 Հոդվածը, համաձայն որի՝ Կառավարությունը հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ըստ Վահեի տխմարամեկնաանության` նախարարները չպետք է շարունակեն իրենց լիազորությունների իրականացումը, քանի որ նրանք կառավարության անդամներ չեն:

Ինչ լավ է, որ երկրում կան իրավաբաններ, ու աբսուրդ մեկնաբանությունների հեղինակ վահեիզմը փոքրամասնություն է: