Պատմության ամենահանդուգն կողոպուտներից մեկը. խաբեբաները, օգտագործելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարի սիլիկոնե դիմակը, 90 մլն դոլար են կորզել


14:00 , 24 հունիս, 2019

Պատմության մեջ ամենահանդուգն կողոպուտներից մեկն իրականացնողները սիլիկոնե դիմակ են օգտագործել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանին նմանակելու և դրա միջոցով իրենց զոհերից 90 մլն դոլարի գումար կորզելու համար:

Լե Դրիանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012-2017 թվականներին, իսկ այժմ երկրի Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարն է: Նա բավականին ազդեցիկ քաղաքական գործիչ է, սակայն նաև ոչ հասկանալի անձնավորություն, ինչն էլ, ըստ քննիչների, ստիպել է հանցագործներին հենց նրան ընտրել որպես ազդեցիկ կերպար իրենց խարդախությունների համար:

Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, խաբեբաներից մեկը, հատուկ պատրաստված սիլիկոնե դիմակ կրելով, ներկայացել է որպես պաշտպանության նախարար և մեծահարուստ այցելուներից՝ ֆրանսիացի կամ արտասահմանյան գործարարներից գումար խնդրել որպես փրկագին Միջին Արևելքում իսլամիստների մոտ պատանդ գտնվող լրագրողների համար:

Նախ՝ նրանք հեռախոսազանգով են կապ հաստատել իրենց զոհերի հետ, այնուհետև տեսազանգեր Skype-ի միջոցով: Իրենց ծրագիրն իրագործելու համար խաբեբաները հատուկ կահավորել են «նախարարի գրասենյակը»՝ դրոշներով և անգամ այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի նկարով:

Նրանք զոհերին խնդրել են գումարը փոխանցել Չինաստանում բացված հաշվեհամարին, որպեսզի այն հնարավոր չլինի վերահսկել: Գումար խնդրելիս կեղծ նախարարը պարզաբանել է, որ Ֆրանսիայի կառավարությունը, օրենքի համաձայն, գումար չի տրամադրում որպես փրկագին:  

Այդպիսով՝ 2015-2017 թվականներին հանցախմբին հաջողվել է 90 մլն դոլար կորզել բավականին հայտնի և հարուստ մարդկանցից: BBC-ի տվյալներով՝ գումարի կեսը փոխանցել է թուրք գործարարը, որի անունը չի նշվում: Հայտնի է նաև, որ մեծահարուստ արքայազն Քարիմ Աղա-Խան IV-ը 18 մլն եվրո է կորցրել: Խաբեության զոհ դարձած մեծահարուստներից ոչ ոք չի ցանկացել զրուցել ԶԼՄ-ների հետ: