Կանադայում վայրէջքից հետո քնած ուղևորուհուն մոռացել են ինքնաթիռում


05:13 , 24 հունիս, 2019

Air Canada ավիաընկերության ուղևորուհի Տիֆանի Ադամսը քնել է թռիչքի ժամանակ և բողոքել է, որ անձնակազմը վայրէջք կատարելուց հետո չի արթնացրել իրեն, և նա արթնացել է միայնակ, մութ և ցուրտ օդանավում: Ադամսի պատմությունը Facebook-ում հրապարակել է նրա ընկերուհին:

Հունիսի սկզբին Ադամսը Քվեբեկից թռել է Տորոնտո: Նրա խոսքերով՝ մեկուկես ժամ տևող թռիչքի կեսին նա քնել է և մոտավորապես կեսգիշերին արթնացել բացարձակ դատարկ ինքնաթիռում: Խավարի ու ցրտի պատճառով նրա մոտ խուճապ է սկսվել: Երբ նա կարողացել է ինչ-որ կերպ հաղթահարել այն, որոշել է զանգահարել և օգնություն խնդրել, բայց հեռախոսն անջատված է եղել:

Ադամսն օդաչուների խցում լապտեր է հայտնաբերել, կարողացել է բացել դուռը և հասկացել է, որ ինքնաթիռը կայանատեղիում է՝ օդանավակայանի շենքից բավականին հեռու: Նա ինքնաթիռից դուրս գալու համար չի համարձակվել բարձրությունից թռչել և լապտերի օգնությամբ սկսել է ուշադրություն գրավել և տագնապի ազդանշան տալ: Նրան նկատել է ուղեբեռներ փոխադրող ավտոմեքենայի վարորդը: Սանդուղքի օգնությամբ Ադամսը կարողացել է դուրս գալ ինքնաթիռից:

Օդանավակայանում, նրա խոսքերով, Air Canada-ի ներկայացուցիչը նրան հյուրանոցում համար և այնտեղ հասնելու նպատակով լիմուզին է առաջարկել պատճառած վնասի դիմաց, սակայն Ադամսը հրաժարվել է, քանի որ ցանկանում էր որքան հնարավոր է շուտ տուն վերադառնալ: Ավիաընկերության անձնակազմը մի քանի անգամ զանգահարել է միջադեպի մանրամասները պարզելու և ներողություն խնդրելու համար: Նրանք ասել են, որ ներքին ստուգում են անցկացնելու: Ավիաընկերությունը NPR ռադիոկայանին հաստատել է պատմության իսկությունը:

Ուղևորուհու խոսքերով՝ նա դեռևս տառապում է անքնությունից, գիշերային մղձավանջներից և անհանգստության նոպաներից: