Հայ ժամանակակից թրքաբոլշևիկի դիմանկարը․ Անդրանիկ Թևանյան


18:39 , 23 հունիս, 2019

Ովքեր որպես «արևմտամետներ» ուրախանում են Վրաստանի դեպքերի և իրանաամերիկյան հնարավոր թեժ բախման կապակցությամբ, չեն նայել քարտեզին ու չգիտեն Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին։ Կամ էլ իրենց Հայաստանը չի հետաքրքրում, քանզի մեր երկիրը շատ փոքր է իրենց «գլոբալ» մտածելակերպի համեմատ ու կարող է հանգիստ զոհաբերվել համաշխարհային մեծ խաղերի մեջ։

«Գլոբալ» մտածող հայերը մի ժամանակ ավելի բոլշևիկ էին, քան ռուս ու հրեա բոլշևիկները, ավելի անաստված էին, քան Կառլ Մարքսը, ավելի պրոլետար էին, քան Ստախանովը, ավելի դաժան էին պայքարում ներքին թշնամու դեմ, քան Եժովն ու Յագոդան։

Հետո այդ նույն մարդիկ աթեիստից դարձան աստվածապաշտներ։ Մարքսի «Կապիտալը» փոխարինեցին Աստվածաշնչով ու Մաքս Վեբերի «Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին» գրքով։ Ավելի լիբերալ էին, քան Ադամ Սմիթը։ Լենինի հատորների փոխարեն անգիր էին անում Մոնտեսքյոյի գրածները։

Հիմա սրանք ձևով արևմտամետ են ու մոլի ռուսատյաց, բայց որ լավ «քերես», տակից դուրս կգա Նժդեհի նկարագրած թրքաբոլշևիկը։ Հին ու «բարի» թրքաբոլշևիկը։

Հիմիկվա հայ թրքաբոլշևիկը, սակայն, մի փոքր տարբերվում է 20–րդ դարասկզբի թրքաբոլշևիկից։

Նեոթրքաբոլշևիկը ազգայնական հռետորաբանություն ունի, հայ–ռուսական բախում է տենչում, իսկ Հայաստանի ներսը պատկերացնում է արյան բաղնիքների տեսքով։ ՀՀ–ն լեգիտիմ չէ իր համար։ Ինքը պատմական հայրենիքին վերատիրացողի անվան տակ հանդես եկող դատարկախոսի մեկն է։ Ձևով խիստ տարբերվում է քիրվայամետ հայից, բայց բովանդակությամբ նույնն է։ Նույն հակապետական տարրը։

Ժամանակակից հայ թրքաբոլշևիկը երդվում է Սևրի պայմանագրի վրա, բայց ծափահարում է Բոլթոնի պլանին։ Եվ բնական է, որ պետք է դրական գնահատի Վրաստանի դեպքերը և տենչա իրանաամերիկյան բախում։ Չէ՞ որ հայ թրքաբոլշևիկը «գլոբալ» մտածողություն ունի։