Իրանը հրապարակել է ամերիկյան հետախուզական անօդաչուի խոցման պահը ներկայացնող տեսանյութը


15:58 , 21 հունիս, 2019

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են Հորմուզի նեղուցի օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը խոցելու կադրերը:

Տեսանյութը հրապարակվել է իրանական Press-TV լրատվակայան կայքի թվիթերյան միկրոբլոգում:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «ցամաք-երկինք» դասի հրթիռն արձակվել է «Խորդադ-3» շարժական զենիթահրթիռային համալիրից: Նշվում է, որ հրթիռի արձակման պահին անօդաչուն գտնվել է Իրանի օդային տարածքում:

en.irna.ir կայքը հավելում է, որ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ կործանված անօդաչուի բեկորների մի մասը հանվել են Իրանի տարածքային ջրերից:

Պաշտոնյան մանրամասնել է, որ անօդաչուն օդ է բարձրացել Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա ներխուժել է Իրանի օդային տարածք, որտեղ էլ խոցվել է:

«Պատերազմ մի՛ փնտրեք, մենք կպաշտպանենք մեր երկինքը, ցամաքն ու ջրերը»,- ասել է Զարիֆը՝ խոստանալով ագրեսիայի դրսևորման դեպքը քննարկել ՄԱԿ-ում ու ցույց տալ, որ ԱՄՆ-ն ստում է՝ ասելով, թե անօդաչուն եղել է միջազգային օդային տարածքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն է տվել Թեհրանին հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ կործանիչներն ու նավերը կազմ-պատրաստ են եղել, սակայն Իրանի ուղղությամբ որևէ հրթիռ այդպես էլ չի արձակվել: Թրամփը վերջին պահին դեմ է գնացել պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելի խորհրդին՝ որոշելով չհարվածել: Միևնույն ժամանակ չի բացառվում, որ այդ հարվածները կարող են իրականացվել ավելի ուշ:

Անցած գիշեր Թրամփը Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների և կոնգրեսական առաջնորդների հետ. քննարկվել են Իրանին համարժեք պատասխան տալու հավանական տարբերակները: Այդ հանդիպումից հետո ԱՄՆ ռազմական և դիվանագիտական ոլորտների պաշտոնյաները համոզված են եղել, որ Իրանի ուղղությամբ հրթիռակոծում է իրականացվելու: Ամերիկյան կողմի հարձակման հավանական թիրախներից մեկը եղել է S-125 Neva/Pechora «ցամաք-երկինք» դասի հրթիռային համակարգը, որով էլ, ամենայն հավանականությամբ, խոցվել էր ամերիկյան անօդաչուն: Այս մասին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Նախքան հանդիպումը Թրամփը չէր բացառել, որ US Global Hawk անօդաչուն կարող էր խոցված լինել «սանձարձակ և հիմար իրանցի զինծառայողի կողմից առանց Թեհրանի թույլտվության»:

ԱՄՆ-ն սկզբում հերքել էր, որ Իրանն ամերիկյան անօդաչու է կործանել: Իրանն իր հերթին հայտարարել էր, որ լրտեսական անօդաչուն ներխուժել էր երկրի օդային տարածք և խոցվել է հարավային Հորմոզգան նահանգի երկնքում: Այնուհետ ամերիկյան կողմն ասել էր, որ իրենց անօդաչուն խոցվել է Հորմուզի նեղուցի միջազգային օդային տարածքում՝ իրանական «ցամաք-երկինք» դասի հրթիռով:

Երկու պետությունների առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: