Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներին սպասում է միանշանակ պարտություն՝ մեր ձեռքը չի դողա. Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանության զորքերին


12:00 , 21 հունիս, 2019

Այսօր նշվում է Ոստիկանության զորքերի կազմավորման օրը: Այս առիթով Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում, ոստիկանության զորքերին դիմելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այն, որ արդեն գրեթե մեկ տարի Ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով քաղաքացիների անվտանգությունը և շոշափելի աջակցություն ցուցաբերելով բանակին:

«ՀՀ ոստիկանության զորքերն ուղարկելով հայրենիքի սահմանները պաշտպանելու՝ մենք արտահայտում ենք մեր պատկերացումը նաև ՀՀ ներքին հարաբերությունների մասին, որ ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնությունով հարցեր լուծելու որևէ մտայնություն,որևէ փորձ, որևէ քարոզչություն: Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի են կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ, կարծես, ՀՀ-ում սիրո և համերաշախության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել, որպես թուլություն: Այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել՝ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի պակաս կունենա ՀՀ-ում սահմանադրական կարգը, քաղաքացիների կամքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի ու մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության քարոզչությունը և գործելակերպը»,-ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նույն պատկերացումները վերաբերում են նաև մեր արտաքին սահմաններին՝ Արցախի, Հայաստանի հանրապետության անվտանգության պաշտպանության առումով, և մենք կողմնակից ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն:

«Բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հակահարվածը, և այդ հակահարվածը կհեղինակեն նաև Ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այսօր ամուր կանգնած են ՀՀ-ի և հայ ժողովրդի անվտանգության ամուր պաշտպանության դիրքերում: Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր հողի վրա, և որևէ թշնամի՝ ներքին, թե արտաքին, չի կարող սասանել մեր միասնությունը: Եվ ՀՀ-ի բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն»,-շեշտեց նա: