Ռուս պատգամավորը պարզաբանել է, թե ինչու է նստել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին


11:27 , 21 հունիս, 2019

Ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովն ասել է, թե ինչու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում նստել Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին, ինչն էլ առաջացրել է վրացական ընդդիմության և քաղաքացիների դժգոհությունը:

«Հյուրընկալող կողմը որտեղ ինձ հրավիրում է նստել, այնտեղ էլ նստում եմ: Արարողակարգի համաձայն՝ այդ պատվավոր տեղը տրվում է հենց վեհաժողովի նախագահողին, այս դեպքում՝ ինձ»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պարզաբանել է Գավրիլովը:

Պատգամավորի խոսքով՝ այլ երկրներում ինքը ևս այդ աթոռն է զբաղեցրել, և դա որևէ խնդիր չի առաջացրել: Գավրիլովը շեշտել է, որ ինքը «համեստ մարդ է» և պատրաստ է աշխատել «նույնիսկ ավելացված աթոռին նստած»:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաները սկսվել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին ռուս պատվիրակների մասնակցության և մասնավորապես՝ նիստը վարող ռուս խորհրդարանական Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստելու պատճառով: Բողոքի ակցիայի մասնակիցները գրոհել են խորհրդարանի շենքը, փորձել են ներս մտնել: Քաղաքացիները միացել են ընդդիմությանը և պահանջում են երկրի կառավարության հրաժարականը: