Սողացող բռնապետության դեմն առնելու հրամայականը


02:44 , 21 հունիս, 2019

Օխլոկրատիային՝ ամբոխավարությանը, շատ հաճախ հաջորդում է տոտալիտարիզմը՝ ամբողջատիրությունը կամ բռնապետությունը։ Բռնապետական ռեժիմ հաստատվում է այն դեպքում, երբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները հայտնվում են մեկ մարդու ձեռքում։

Հայաստանում սողացող տարբերակով բռնապետական ռեժիմ է հաստատվում։ Վերջին օղակը դատական իշխանությունն է։ ՍԴ ինքնահռչակ նախագահն իր քայլերով կրկնում է Հիտլերի՝ «ժողովրդական դատարանների պալատ» ստեղծելու գործիքներ Գերինգին ու Հանս Ֆրանկին։  Ռեյխսկոմիսար Ֆրանկն էլ էր պալատը ձևավորում «ժողովրդի» անունից, Հիտլերի հովանու ներքո, բնականաբար։

Թեև իշխանության ներկայացուցիչների մեկնաբանություններն ի պաշտպանություն ՍԴ «նախագահի» չեն դիմանում որևէ իրավական քննադատության, բայց, այդուհանդերձ, ներկայացնեմ ՀՀ Սահմանադրության այն հոդվածները, որոնք կարգավորում են Սահմանադրական դատարանի անդամներին վերաբերող հարցերը։

Եվ այսպես՝ ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածում նշված է. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը»։

Իսկ Սահմանադրության 7-րդ գլուխը, որին հղում է արված անցումային դրույթներում, սահմանում է ՍԴ դատավորների ընտրության և գործունեության ընթացիկ կարգը։ Ասել է, թե՝ ՍԴ ինքնահռչակ «նախագահը» յուրովի է մեկնաբանել անմեկնաբանելին, քանզի 213-րդ հոդվածը երկիմաստություն չի պարունակում։ ՍԴ նախագահը շարունակում է մնալ նա, ով մինչև օրս զբաղեցնում էր այդ պաշտոնը։ ՍԴ անդամները ևս շարունակելու են պաշտոնավարել 213-րդ հոդվածում նշված տարբերակով։

Ի դեպ, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

Սա նշանակում է, որ ՍԴ-ի ներկա կազմը ինքնահռչակ «նախագահի» լիազորությունները կարող է իր 100 տոկոսով լեգիտիմ որոշմամբ դադարեցնել, քանզի նա զբաղվում է քաղաքական գործունեությամբ՝ խախտելով ՍԴ անդամին ներկայացվող սահմանադրական պահանջները։

Միայն ԱԺ այսօրվա ելույթն ամբողջությամբ բավարար է ՍԴ նորընտիր անդամին քաղաքական գործունեությամբ զբաղվելու մեջ մեղադրելու և նրան ՍԴ-ից վռնդելու համար։

Քաղաքական ուժերը և իրական քաղաքացիական հասարակությունը պետք է տեր կանգնեն օրենքի գերակայության սկզբունքի պաշտպանությանը և թույլ չտան սողացող ֆաշիզմի հաստատում։