20:31 , 24 հունիս, 2013
Հրշեջ-փրկարարներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը շարունակվում է հրդեհվել: Այս մասին փոխանցում էԳԱԼԱ-ի թղթակիցը, ով գտնվում է դեպքի վայրում: Ներկայում այրվող եկեղեցու տարածք են այցելել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, տեղակալները, մարզի հրշեջ վարչության պետը, ջրմուղագործներ, շինարարներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր փորձում են օգտակար լինել հրդեհաշիջման աշխատանքներին: Հրշեջ-փրկարարների համար դժվարությունը կայանում է նրանում, որ հրդեհը եկեղեցու մեծ գմբեթում է և կռունկի օգնությամբ են փորձում ջուր բարձրացնել վերև և մասնակցել հրդեհաշիջմանը:
Ներկա դրությամբ այրվող եկեղեցու տարածք է ժամանել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով բարձրացել է գմբեթ:
Հիշեցնենք, որ հրդեհը սկսվել է այսօր՝ հունիսի 24-ին, ժամը 17:45-ի սահմաններում: Փրկարար վարչության Շիրակի մարզային ծառայության ղեկավար Մարատ Սարիբեկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ հրշեջ-փրկարարական մի քանի խմբեր են ուղարկվել Գյումրու հրապարակ, ուր հրդեհվում է եկեղեցին: Առայժմ պարզ չեն պատճառները: Շրջանառվող միակ վարկածն այն է, որ մի քանի օր եկեղեցու աշխատանքները դադարեցված են եղել, և այսօր շինարարները արդեն փորձել են տեղադրել եկեղեցու մեծ գմբեթը: Ենթադրվում է, որ հրդեհը կարող է գրանցված լինել շինարարական սխալ աշխատանքի կամ պատահականության արդյունքում:
Հիշեցնենք, որ Գյումրու Ս. Ամենափրկիչը Անիի մայր տաճարի կրկնօրինակն է Գյումրիում: Եկեղեցին ավերվել էր երկրաշարժի ժամանակ, և վերակառուցումը նախաձեռնել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Գյումրու ներկա քաղաքապետ Սամվել Բալասանյանը երդմնակալության օրը հայտարարեց, որ ինքը ևս պատրաստ է ֆինանսներ ներդնել տեղական բյուջեից և ավարտին հասցնել եկեղեցու շինարարությունը, որին հաջորդեց Վ. Ղուկասյանի կոշտ արձագանքը Գյումրու հեռուստաընկերություններից մեկով: Վ. Ղուկասյանը հայտարարեց, որ ինքն է նախաձեռնել և ինքը ավարտին է հասցնելու Ս. Ամենափրկչի շինարարությունը:
Քրիստինա Մկրտչյան







