Ամենաերկարակյաց նախարարը դուրս է գալիս ստվերից


20:14 , 24 հունիս, 2013

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ռուսական Ռեգնում գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը լինի Մաքսային միության անդամ, ապա գազը եւ ատոմակայանի համար նախատեսված ուրանը կներկրվեն ավելի էժան գներով: Արմեն Մովսիսյանը հայտարարել է նաեւ, որ Հայաստանը անկախ պետություն է եւ ինքը պետք է որոշի՝ մտնել Մաքսային միության մեջ, թե չմտնել: Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության հետ ծավալն ու համադրությունը այլ երկրների հետ համեմատության իմաստով, հուշում է, որ Հայաստանի համար նպաստավոր է Մաքսային միությանն անդամակցելը:

Արմեն Մովսիսյանը բանակցում է Գազպրոմի հետ, որպեսզի Հայաստանը Ռուսաստանին փոխանցի Հայռուսգազարդի իր 20 տոկոս բաժնեմասը: Ամենայն հավանականությամբ, Արմեն Մովսիսյանի հայտարարությունները Գազպրոմի հետ բանակցության արդյունքն են, եւ էներգետիկայի նախարարը Հայաստանում ստանձնել է Մաքսային միության գովազդային գործակալի կարգավիճակ:

Շատ հետաքրքիր պատկեր է ստացվում՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն օրինակ, ռուսական մամուլում հրապարակված իր հոդվածներով փորձում էր հիմնավորել, թե ինչու Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը: Հիմա Հայաստանի կառավարության անդամը ակնարկում է, բավական թափանցիկ ու հստակ, որ Մաքսային միություն մտնելը Հայաստանի համար խոստանում է էժան գազ եւ ուրան, նաեւ տնտեսական այլ հետաքրքրություններ:

Հայաստանի կառավարությու՞նն է փոխել իր մոտեցումները, թե պարզապես ստացվում է, որ վարչապետը մի մոտեցման կողմնակից է, իսկ էներգետիկայի նախարարն, օրինակ՝ մեկ այլ: Վարչապետը փորձում է հիմնավորել Մաքսային միությանը չանդամակցելը, իսկ էներգետիկայի նախարարը՝ հակառակը:

Ամենայն հավանականությամբ, կառավարությունում խնդիրն իսկապես առկա է եւ բավական լայն ընդգրկումով: Պատահական չէր, որ օրինակ մի քանի օր առաջ Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ իր քաղաքական հայտարարությունն անելիս, Տիգրան Սարգսյանը դիմեց նախարարներին եւ կոչ արեց չլռել, այլ պատասխանել կառավարության հասցեին գրոհներին: Այլ կերպ ասած, Տիգրան Սարգսյանը հարց դրեց նախարարների առաջ՝ դուք ինձ հետ եք, թե իմ դեմ: Այդ հարցն անկասկած ունի շատ ավելի լայն քաղաքական ենթատեքստ, քան զուտ ՎՊ հաշվետվությամբ պայմանավորված մեղադրանքները:

Վարչապետը փաստացի ակնարկեց, որ կառավարության մեջ կա միասնական մոտեցումների, միասնական կուրսի եւ դրա համար թիմային պատասխանատվության խնդիր: Էներգետիկայի նախարարի հարցազրույցն ու Մաքսային միության վերաբերյալ արտահայտած մտքերը այդ խնդրի առկայության ապացույցներից մեկն են: Ընդ որում, էներգետիկայի նախարարին գուցե կարելի է համարել նույնիսկ շարիկային նախարար, բայց ամենեւին ոչ շարքային: Շարքային նախարարը Հայաստանի կառավարությունում 12 տարի չի մնում, այն էլ այնպիսի մի ոլորտում, ինչպիսին էներգետիկան է: Մովսիսյանն ամենաերկարակյաց նախարարն է Հայաստանի կառավարությունում, բոլոր ժամանակների ամենաերկարակյաց նախարարը: Հայաստանում դա իսկապես նշանակալի ցուցիչ է: Արմեն Մովսիսյանի նախարարության տարիներին են տեղի ունեցել Հայաստանի էներգետիկայի իրավա-քաղաքական նշանակալի անցուդարձերը, որոնց մի զգալի մասի վերաբերյալ հասարակությունն ունի բազմաթիվ կոռուպցիոն կասկածներ, մամուլը բարձրացրել է բազմաթիվ պատմություններ, եւ նախարար Մովսիսյանն այդ հարցերով առնվազն արժեքավոր վկա կարող է լինել, եթե ոչ ավելին:

 Այդ իմաստով, գուցե ամենեւին պատահական չէ, որ հենց էներգետիկայի նախարարին է բաժին ընկնում Հայաստանի կառավարությունը կիսելու առաքելությունը: Իսկ գուցե այդ առաքելությունը կստանձներ միայն նա, ով ամենից շատ բան գիտե եւ ում մասին ամենից շատ բան գիտեն: