Պարույր Հայրիկյանին մտահոգում է, թե Ռուսաստանից ով է Վարդան Սեդրակյանին 100 հազ. դոլար ուղարկել


21:15 , 24 հունիս, 2013

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու համար մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով դատական նիստին այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան էր եկել նաև տուժողը՝ Պարույր Հայրիկյանը: Լրագողների հետ զրույցում գնահատելով դատավարության ընթացքը՝ նա նշեց, որ իրենց զարմացնում է այն, որ դատարանի կողմերն անտեսել են այն հանգամանքը, որ Վարդան Սեդրակյանին դեպքից օրեր առաջ Ռուսաստանից նրա «մի-երկու տարվա» ծանոթը 100 հազ. դոլար է ուղարկել:

«Այդ մասն ինձ համար իսկապես անհասկանալի է: Դուք դժվար թե գտնեք աշխարհում մարդու, ով երկու տարվա կիսատ-պռատ ծանոթին 100 հազ. դոլար կտա հենց այնպես: Եթե քննությունը այս երևույթի նկատմամբ՝ Ռուսատանի քաղաքացու տված գումարին, անհոգ ու անտարբեր է, դա ինձ համար անհասկանալի է: Ես պետք է պահանջեմ՝ այդ 100 հազ. դոլար տված մարդիկ գան դատարանում բացատրություն տան»,-ասաց նա:

Ի դեպ նշենք, որ Պարույր Հայրիկյանը դատական նիստին  այդ մարդկանց դատարան հրավիրելու միջնորդություն ներկայացրեց, սակայն միջնորդությունը մերժվեց:

Հարցին, թե արդյո՞ք իր կարծիքով ռուսական կազմակերպությունները խառնված են մահափորձի իրականացմանը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ ցանկացած ողջախոհ հայ գիտի, որ հայ ժողովրդի թշնամին եղել է ռուսական իմպերիալիզմը՝ թուրքական ցեղասպանության տարիներից սկած:

«Ցեղասպանության վերջնական կնիքը դրել է ռուսական իմպերիալիզմը Մոսկվայի 1921թ-ի Ռուս-թուրքական պայմանագրով: Եթե չլիներ այդ պայմանագիրը, մենք այլ Հայաստանում էինք ապրելու այսօր: Կարճ ժամանակ հետո ռուսական իմպերիալիզմին փոխարինել է ռուսական դեմոկրատիան: Դա մեզ տվեց Սարդարապատ կերտելու հնարավորություն: Հետո Ելցինը մեզ տվեց հնարավորություն կասեցնելու «կոլցո» օպերացիան և մյուս դավադրությունները հայ ազգի նկատմամբ»:

Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի հիմնական թշնամին վերջին տասնամյակներում ու այսօր ռուսական իմպերիալիզմն է՝ «Հայաստանն առանց հայերի» իր քաղաքականությամբ: Ինչ վերաբերում է դեպքին, Պարույր Հայրիկյանը նշեց, որ դատավճիռը կայացվել է Սանկտ-Պետերբուրգում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ