21:07 , 24 հունիս, 2013Գլխավոր դատախազությունը ստացել և ընթացք է տրել հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանի անունով և ստորագրությամբ՝ «Հետք» օրաթերթում տպագրված նամակը (Աղվան Հովսեփյանին ուղղված նամակի պատճենն ուղարկվել էր լրատվամիջոցին), որում վերջինս խոստովանում է, թե ինքն է առանց ՀՀ վարչապետի գիտության է նրա անունով օֆշորային ընկերություն հիմնել Կիպրոսում:
Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը և ավելացրեց.«Այն արդեն ուղարկվել է Ոստիկանության համապատասխան քննչական վարչություն՝ հարուցված գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար»:
Նշենք, որ այս ընթացակարգը ենթադրում է, որ ոստիկանությունը պետք է պարզի՝ իրո՞ք նամակի հեղինակը Աշոտ Սուքիասյանն է, ո՞ր երկրից է այն ուղարկված, ապա միայն քննության առարկա դարձնի նամակում մատնանշված հանգամանքները:
Հիշեցնենք, որ օրերս hetq.am կայքի միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրված նամակում հունիսի 17–ից մեղադրյալի ու հետախուզվողի կարգավիճակ ստացած գործարարը, գրել էր.«Ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:
Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատելով տեղեկությունը՝ նշեց, որ նամակի բովանդակությունը քննության առարկա կդառնա:
Նշենք, որ ֆեյսբուքյան «Աշոտ Սուքիասյանի ճշմարտությունը» էջում Աշոտ Սուքիասյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո որևէ թարմացում չի եղել:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ