Վ. Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվեց


19:02 , 24 հունիս, 2013

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեժեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը:

Ա. Սիրունյանը միջնորդել էր Վ. Սեդրակյանի խափանման միջոցը փոխել` ազատությունից զրկելու հետ կապ չունեցող միջոցով և որպես գրավ առաջարկել էր Վ. Սեդրակյանի ողջ անշարժ գույքը:

Լրագրողների հետ զրույցում, Ա. Սիրունյանը, պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, ասաց, որ իր համար 110 տոկոսով սպասելի էր այս որոշումը. «Իրենք ոչ մի ապացույց չունեն, սակայն մենք Հայաստանում ենք ապրում»:

Պատասխանելով մեր հարցին, թե արդյոք սա կանդրադառնա իրենց հետագա քայլերի վրա, և իրենք, այնուամենայնիվ, կդիմե՞ն ՄԻԵԴ, Ա. Սիրունյանը նշեց, որ Վ. Սեդրակյանի հետ հանդիպելու է հինգշաբթի և առաջարկելու է դիմել ՄԻԵԴ: