4 ապացույց, որ գիտությունն ավելի հետաքրքիր է, քան ցանկացած սերիալ


01:14 , 20 հունիս, 2019

Գիտնականներն առանձնահատուկ մարդիկ են։ Մանուկ հասակում նրանք իրենց հարցերով փակուղու մեջ են գցում իրենց ծնողներին, իսկ հետո մեծանում են և ինքնուրույն գտնում այդ հարցերի պատասխանները։ Հաճախ այդ պատասխանները նրանք գտնում են, բառիս բուն իմաստով, գետնի տակից կամ էլ տիեզերքից։ Շնորհիվ նրանց հետազոտությունների, հայտնագործությունների և ձեռքբերումների՝ աշխարհը շարժվում է առաջ։

Ստեղծվել է լազեր, որը կարողանում է առանց օրգանիզմի մեջ ներթափանցելու քաղցկեղի բջիջներ հայտնաբերել և ոչնչացնել

Արկանզասի բժշկական գիտությունների համալսարանի մասնագետները մարդկանց վրա հաջողությամբ փորձարկել են քաղցկեղային բջիջները ոչնչացնող լազերը։ Գործընթացի համար հարկավոր չեն ո՛չ վիրահատություններ, ո՛չ էլ կտրվածքներ․ սարքը, մաշկի մեջ ներթափանցելով, թեստավորում է հիվանդի օրգանիզմը, գտնում է վտանգավոր բջիջները և ջերմացման շնորհիվ ոչնչացնում է դրանք։ Սա թույլ է տալիս կանգնեցնել քաղցկեղի զարգացումը։ Նոր սարքի միջոցով մաշկի քաղցկեղ ունեցող 27 կամավորների մոտ հնարավոր է եղել ոչնչացնել քաղցկեղային բջիջների մեծ մասը։

Արհեստական բանականությունը սովորել է հասկանալ նորածնի ճիչի նշանակությունը

Նյու Ջերսիի քոլեջի հետազոտողները, հետազոտելով 26 նորածին երեխաների, կարողացել են արհեստական բանականությանը սովորեցնել տարբերակել նրանց ճիչերը։ Այն ձայների հաճախականության և ինտերվալների շնորհիվ կարողանում է տարբերակել երեխայի 5 ազդանշան՝ սննդի կարիք, քնի կարիք, ուշադրության կարիք, տակաշորերի փոխարինման կարիք և անհարմարավետության զգացում։ Գիտնականները ցանկանում են ավելի մասշտաբային ուսումնասիրություններ կատարել և արդյունքում արհեստական բանականությունը օգտագործել հիվանդանոցներում և ծննդատներում՝ երեխաների կարիքներն ավելի լավ հասկանալու համար։

Հնէաբանները պարզել են, որ փետուրներն ավելի շուտ են առաջացել, քան թռչունները

Բրիսթոլի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ փետուրները թռչուններից 80 միլիոն տարի ավելի շուտ են առաջացել և կապված չեն եղել թռչելու կարողության հետ։ Առաջին թռչունի՝ արքեոպետրիքսի մնացորդները թվագրվում են յուրյան ժամանակաշրջանին այն դեպքում, երբ փետրավոր դինոզավրերն ապրել են ավելի վաղ՝ թրիասովյան ժամանակաշրջանում։ Հնէաբանները ենթադրում են, որ փետուրները կարգավորել են դինոզավրերի ջերմաստիճանը և ապահովել են մարմնի մեկուսացումը։

Հետազոտողները ապացուցել են, որ մեր ուղեղն ամենևին էլ անշարժ չէ

Շատերը կարծում են, որ ուղեղն անշարժ օրգան է։ Սակայն համաձայն վերջերս իրականացված հետազոտության՝ այս պնդումը իրականությանը չի համապատասխանում: Պարզվում է, որ մեր ուղեղը սրտի յուրաքանչյուր հարվածի հետ բաբախում է։ Հետազոտության սովորական մեթոդներով ուղեղի տատանումը որսալ հնարավոր չէ, սակայն հատուկ տոմոգրաֆն առաջին անգամ կարողացել է որսալ այդ տատանումը։ Ապագայում այս մեթոդը նախատեսվում է օգտագործել ուղեղի հիվանդություններն ուսումնասիրելու համար։